
Արտակարգ իրավիճակ Երևանում. ջրի հունի մակարդակի բարձրացման պատճառով տները հայտնվել են ջրի մեջ

Մայիսի 23-ին, ժամը 06:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է, մոտակա տները ջրալցվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուշավան թաղամասում ոռոգման առվի խցանման պատճառով ջրալցվել է 2-րդ փողոցի թվով 5 տան նկուղ: Տներից մեկի նկուղ է (մոտ 8 քմ) լցվել մոտ 2.5 մ խորությամբ ոռոգման ջուր:
Փրկարարները մաքրել են առուն, դադարեցրել ջրի հոսքը, տան նկուղից հեռացրել կուտակված ջուրը: Մյուս տների նկուղներում աշխատանքներ չեն իրականացվել ջրի մակարդակի ցածր լինելու պատճառով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի