Բաժիններ՝

«Դա քաղաքական ենթատեքստ էլ ունի, շատ ուշադրությունը մեծ է, որ արձանագրվի, որ մենք գնացել ինչ-որ տեղ բացում ենք արել, և էդ գործարանը չի աշխատում»

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներդրումային ծրագրերի համար արտոնություն տալու խնդրին ու դրա արդյունավետությանը, որքանով են դրանք ծառայում նպատակին:

Վարչապետը նշեց, որ կազմակերպված քննարկման ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ էական խնդիրներ չկան և արտոնություններով իրականացված ներկրումները 90% և ավելի ծառայում են իրենց նպատակներին:

«Այդտեղ կա 1-2 ծրագիր, որոնցով մենք շարունակում ենք զբաղվել,- ասաց Ն.Փաշինյանը՝ ընդգծելով, որ մամուլում տեղեկություններ են լինում, որ այս կամ այն ընկերությունը, որ արտոնություն է ստացել, խնդիրներ ունեն,- Բայց ես հույս ունեմ նաև, որ մամուլի այդ հրապարակումները որոշակի ուղղորդում են, որ կոնկրետ էդ տեղերը ստուգվեն և հասկանանք` ինչքանով են համապատասխանում իրականությանը»:

Տ.Խաչատրյանը զեկուցեց, որ այս շաբաթվա ընթացքում արդեն հաստատվեց, որ արտադրություն է ընթանում կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպությունում:

Ն.Փաշինյանը նկատեց, որ իրեն զեկուցել են, որ այդ թեմայով ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, որ այդտեղ «չգիտեմ ինչ է տեղի ունեցել»:

«Դա քաղաքական ենթատեքստ էլ ունի, շատ ուշադրությունը մեծ է, որ արձանագրվի, որ մենք գնացել ինչ-որ տեղ բացում ենք արել, և էդ գործարանը չի աշխատում»,- ասաց վարչապետը:

Տ.Խաչատրյանը հաստատեց, որ հիմա այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում և իրեն խոստացել են, որ հաջորդ շաբաթների ընթացքում, երբ կգան լվացքի մեքենայի մասերը, ամբողջ 70 աշխատողներն էլ կլինեն աշխատանքի մեջ. «Հանրային լայն լուսաբանում կլինի»:

Ն.Փաշինյանը նշեց, որ ամենամեծ խնդիրը շուկան է, որ ներդրողները կարողանան իրենց ծրագրերն իրագործել, և հույս հայտնեց, որ ներկրված մասերով տեխնիկայի հավաքումը ժամանակի ընթացքում կվերածվի տեղական արտադրության մասերով հավաքման և ամբողջովին կլինի հայկական արտադրություն:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն առաջարկեց, որ մինչև 80 հոգի աշխատողներ չլինեն, չգնալ բացումների, որովհետև մի օրում էլ կարելի է այդքան մարդ հավաքել:

Վարչապետի կարծիքով՝ պետք չէ մեղավորության կանխավարկածով առաջնորդվել.

«Մարդիկ միլիոնավոր դոլարների սարքավորումներ են ներկրել: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ի՞նչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել մենակ նրա համար, որ տեսախցիկի առաջ բացում անել, հետո ի՞նչ անել էդ մի քանի միլիոն դոլարի սարքավորումները, տանել մետաղի ջարդոն հանձնե՞լ: Որևէ տրամաբանություն չկա էդտեղ»:

Վարչապետը հույս հայտնեց, որ ավելացած 51 հազար աշխատատեղերին կավելանան ևս 51-ը, ևս 51-ը: Նա նշեց, որ Տ.Խաչատրյանի վարկածով՝ այդ 51 հազարի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղեր են, որը վստահելի գնահատական է, մյուս մասն էլ ստվերից դուրս եկածն է. «Երկուսն էլ լավ է՝ և՛ դուրս եկածն է շատ պոզիտիվ, և՛ նոր ստեղծածն է շատ պոզիտիվ: Մեր կանխավարկածն այն չի, որ հիմա ստվերում աշխատատեղ չկա, հույս ունենք, որ այդ պրոցեսները կշարունակվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս