
Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ակներեւաբար, շատ դժգոհ է մնացել Գերագույն ռադայից, որը որոշեց չքննարկել ընտրությունների մասին իր առաջարկած օրինագծերը, եւ ուկրաինացիներին կոչ է արել վրեժխնդիր լինել խորհրդարանականներից արդեն հաջորդ քվեարկության ժամանակ։
«Գերագույն ռադան տապալեց ընտրական օրենսդրության փոփոխման օրինագիծը: Հին քաղաքական գործիչներն ընտրեցին հին համակարգը, որովհետեւ այն իրենց քաղաքական կյանքը երկարաձգելու շանս է տալիս»,- ասել է Զելենսկին Facebook-ում:
Ուկրաինայի ղեկավարի կարծիքով՝ այդ պահվածքով պատգամավորները ջանում են «փողի ու հնդկաձավարի դիմաց վերստին սողոսկել» տաքուկ պաշտոններ, բայց ինքը համոզված է, որ «նրանք սխալվում են»: Ուստի Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել «նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում ընտրելու նոր քաղաքական գործիչների, որոնք ունակ են փոխելու երկիրը»:
Նախօրյակին Գերագույն ռադան մերժել է օրակարգ մտցնել ընտրությունների մասին օրինագծերը, որոնք ներկայացրել էր նախագահ Զելենսկին: Նա առաջարկում էր վերացնել մեծամասնական համակարգը եւ կուսակցությունների համար անցումային շեմը 5 տոկոսից իջեցնել մինչեւ 3 տոկոս, հաղորդել է Life-ը: