«Ինձ ասել են, որ հիմա տալիս են երեք հարց, որոնց ես պետք է պատասխանեմ` այո կամ ոչ». ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյան
Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության և Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածու Արթուր Վաղարշյանի փակ հանդիպումը:
Ըստ Factor.am-ի տեղեկությունների` Արթուր Վաղարշյանը նաև մեկ ուշագրավ հայտարարություն է արել հանդիպման ժամանակ: Նա, մասնավորապես, ասել է, որ դատարանների մուտքերը փակելու Նիկոլ Փաշինյանի կոչը հակասահմանադրական չէ: «Ես հարցրեցի, թե նա, որպես ՍԴ դատավորի թեկնածու, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի հայտարարությանը, քանի որ շատ մասնագետներ այն որակում են հակասահմանադրական: Թեկնածուն պատասխանեց, որ վարչապետի հայտարարությունը հակասահմանադրական չէ»,- պատմել է իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը:
Այս հայտարարությունը 168.am-ը խնդրեց մեկնաբանել Արթուր Վաղարշյանին:
Վերջինս ասաց, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, և Արփի Դավոյանը, հավանաբար, մասնագիտությամբ իրավաբան չլինելով, լավ չի պատկերացրել իրավական եզրույթների տարբերությունը:
«Ինձ ասել են, որ հիմա տալիս են երեք հարց, որոնց ես պետք է պատասխանեմ` այո կամ ոչ: Առանց պարզաբանումների ու մեկնաբանությունների: Հնչել են հետևյալ հարցերը`
1. Վարչապետի` դատարանների մուտքերը արգելափակելու կոչը օրենքի հետ խնդիր ունի՞, ասել եմ` այո:
2. Այդ կոչը Սահմանադրության հետ խնդիր ունի՞, ասել եմ` այո:
3. Կարելի՞ է այն որակել որպես սահմանադրական կարգի տապալում, պատասխանել եմ` ոչ»,-ասաց Արթուր Վաղարշյանը:
Վերջինս նշեց նաև, որ եղել է բովանդակային քննարկում, քաղաքական հարցադրումներ չեն արել, զուտ իրավական հարթության մեջ քննարկում են ծավալել:
168.am-ի այն հարցին, թե մամուլում գրվել է, որ այդ հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից ընդամենը 13-ն են ներկա գտնվել, ինչպես կմեկնաբանի այս յուրատեսակ բոյկոտը, Արթուր Վաղարշյանը պատասխանեց.
«Ես չեմ հաշվել, թե ինչքան մարդ էր ներկա հանդիպմանը, բայց հաստատ 88 հոգի չկար»:
Իսկ թե ինչպե՞ս է գնահատում իր հնարավորությունները, հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացավ և արդյո՞ք իշխանական խմբակցությունը կքվեարկի իր օգտին, ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ չի կարող ոչինչ ասել, ինքը կարծում է, որ խմբակցության ներսում դեռ քննարկումներ են ընթանում: