Բաժիններ՝

Մեյը մայիսի 24-ին հրաժարական կտա Brexit-ի շուրջ կառավարության հետ տարաձայնությունների պատճառով. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը: Այս պնդումով մայիսի 23-ին հանդես է եկել The Times թերթը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ վարչապետը կարող է իր պաշտոնը թողնելու մասին հայտարարել 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդի հետ ուրբաթ օրը նշանակված հանդիպումից հետո, կոմիտե, որը միավորում է թորիների շարքային խորհրդարանականներին եւ լուծում է կուսակցության ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերը:

BBC-ի եւ The Daily Telegraph թերթի տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմնակիցներից շատերը հրաժարվել են աջակցել նրան այն բանից հետո, երբ նա մայիսի 21-ին խոստացավ պատգամավորներին, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման համար այն դեպքում, եթե պաշտպանեն Եվրամիության հետ գործարքը: BBC-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ դա խորապես անհանգստացրել է նախարարներից մի քանիսին, քանի որ նախարարների կաբինետի նիստում Brexit-ի թեմայի շուրջ նման հնարավորությանը հավանություն չէր տվրել:

Մայիսի 22-ի երեկոյան այդ կապակցությամբ իր պաշտոնաթողության մասին հայտարարել է Համայնքների պալատի ղեկավար, իսկ փաստորեն խորհրդարանի ստորին պալատում Մեյի ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը: Sky News հեռուստաալիքը ենթադրել է, որ այդ պաշտոնաթողությունը կարող է մահացու հարված լինել վարչապետ Մեյի համար:

Ընդհանուր առմամբ բրիտանական բոլոր թերթերն, առանց բացառության, համակարծիք են, որ վարչապետը լիովին կորցրել է հսկողությունն իրադրության նկատմամբ, եւ չեն բացառում, որ պահպանողականների առաջնորդի եւ կառավարության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելը ժամերի հարց է:

Մինչդեռ Մեյը նախօրյակին բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներին հայտնել է, որ Brexit-ի մասին բիլլի նոր տարբերակի տեքստը, որը ներառում է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը, կհրապարակվի առաջիկա ուրբաթ օրը՝ մայիսի 24-ին:

«Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԶԼՄ-ների համար սահմանափակումների շրջանի ավարտից հետո ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի մասին օրենքը կհրապարակվի ուրբաթ օրը, որպեսզի համայնքների պալատին առավելագույն հնարավոր ժամանակ տրամադրվի այն հանգամանորեն ուսումնասիրելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նաեւ հավելել է, որ եթե խորհրդարանը այդ օրենքին հավանություն տա ամառային արձակուրդ գնալուց առաջ, Միացյալ Թագավորությունը «ԵՄ-ն կլքի մինչեւ հունիսի վերջը»:

Մեյը մայիսի 21-ին ներկայացրել է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը: Դրանում ներառված է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար:

Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին:

Համայնքների պալատում քվեարկությունը, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, պետք է կայանա հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը մայիսի 21-ին հայտարարել է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետի կողմից առաջարկված զիջումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս