
«Իմ քայլը» ՀՀ նախագահի ներկայացրած ՍԴ դատավորի նոր թեկնածուին ևս դեմ է քվեարկելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ԱԺ է ներկայացրել իրավագետ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է մերժել նաեւ նրան՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ցանկանալով տեսնել «Մարտի 1»-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին:
Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Վաղարշյանի թեկնածության հանդեպ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել նաեւ նրա հետ հանդիպման ժամանակ:
88 հոգանոց խմբակցությունից ընդամենը 13 հոգի է մասնակցել այդ հանդիպմանը, ընդ որում՝ ներկա չեն եղել ոչ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ոչ էլ քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը ներկա պատգամավորներից Մարիա Կարապետյանը գործընկերների բացակայությունը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու եւ լարված աշխատանքի հանգամանքով:
Ամեն դեպքում, նկատենք՝ թեեւ խմբակցությունը պաշտոնապես որոշում չի կայացրել, բայց ակնհայտ է՝ դեմ է քվեարկելու նաեւ այս թեկնածուին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: