Հայաստանը հաղթե՞ց, թե՞ պարտվեց. գլխավոր մարտերը դեռ առջևում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որը հաստատվելու դեպքում պաշտոնավարումը կսկսի 2020 թվականի հունվարի 1-ից:

Այդպիսով, ՀԱՊԿ գլխավոր քարուղարի հարցը կարծես թե հանգուցալուծվում է, սակայն մնում է հարցը, թե արդյո՞ք հանգուցալուծվում է ՀԱՊԿ ռազմա-քաղաքական դաշնակցային պարկեշտության հարցը:

Հայաստանում շատ է դիտարկվում՝ սա հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՞ պարտություն: Մի կողմից հաղթանակ էր, քանի որ Երեւանը թույլ չտվեց, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, մյուս կողմից՝ չնշանակվեց նաեւ Հայաստանի նոր ներկայացուցիչ, եւ փաստորեն, շահեց Մոսկվան, քանի որ պաշտոնակատարման իրավասությունը դրվեց գլխավոր քարտուղարի տեղակալ Սեմերիկովի վրա:

Մյուս կողմից էլ, ի վերջո, ինչո՞վ շահեց Ռուսաստանն այդ մի քանի ամիսների պաշտոնակատարությամբ, կամ ընդհանրապես ով ինչով է գործնականում շահում խորքային առումով:

Օրինակ՝ ի՞նչ տարբերություն կար սկզբունքորեն Հայաստանի համար, երբ Խաչատուրովն էր այդ պաշտոնին: Ոչ մի տարբերություն Բորդյուժայի ժամանակների համեմատ:

Որովհետեւ խնդիրն անկասկած շատ ավելի խորքային է, եւ ՀԱՊԿ քաղաքականությունն անդամ պետությունների քաղաքականության հանրագումարն է, ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ֆունկցիոնալ աշխատանքի:

Ըստ այդմ՝ հաղթանակ ունի Հայաստանը, թե ոչ, կարող է դրսեւորվել միայն ՀԱՊԿ քաղաքական վարքագծի ձեւով, այն դեպքերում, երբ Հայաստանի դաշնակցային ռազմա-քաղաքական բլոկը պետք է իր քաղաքական աջակցությունը ցուցաբերի Հայաստանի համար կարեւոր անվտանգային հարցերում:

Այս տեսանկյունից, Հայաստանը դեռեւս չունի թե՛ հաղթանակ, թե՛ պարտություն: Սա տեւական գործընթաց է, որը Հայաստանը բարձրաձայնել է թավշյա հեղափոխությունից հետո, որում, սակայն, առայժմ ակնհայտ է միայն ՀԱՊԿ մյուս անդամների դիմադրությունը՝ ոչ թե գլխավոր քարտուղարի, այլ քաղաքական ուղեգծի, վարքագծի հարցում:

Հայաստանի համար շատ կարեւոր է պահել դիրքերն ու սկզբունքային հարցադրումները: Միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ խնդիրը այդ իմաստով առանցքային իմաստ է ստանում վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, որոնց ավելի լայն անատոմիան ներկայացրեց վարչապետ Փաշինյանն իր ելույթում՝ ակնարկելով նաեւ «դավադիր պատերազմի» ռիսկերի կամ առնվազն ձգտումների մասին, որ, ըստ նրա, կարող են ունենալ նախկին իշխանության որոշակի խմբեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս