NASA-ն նոր մարսագնացի հետ միասին կամավորների «կուղարկի» Մարս
Բոլոր նրանք, ովքեր կմտնեն NASA-ի կայք եւ այնտեղ հայտ կլրացնեն, կկարողանան իրենց անունով ցուցանակ ուղարկել Մարս, որը կտեղադրվի «Մարս-2020» ռովերում: Այդ մասին հայտնել է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«Մենք մոտենում ենք մարսյան այս պատմական առաքելության գործարկմանը, եւ այդ պատճառով մենք կցանկանայիք բոլորին հնարավորություն տալ մասնակցելու դեպի անհայտություն տանող ճանապարհորդությանը: Մեզ համար գալիս է ամենահետաքրքիր ժամանակը. մենք պատրաստ ենք ստանալ ամենակարեւոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են Մարսին եւ ընդհանուր առմամբ կյանքի առաջացմանը»,-հայտարարել է Թոմաս Ցուրբուխենը՝ NASA-ի գիտական ստորաբաժանման ղեկավարի տեղակալը:
2012 թվականի դեկտեմբերին, Curiosity մարսագնացի՝ Մարսի հասարակածի Գեյլի խառնարանում հաջող վայրէջքից եւ այս ցամաքած լճի գաղտնիքների ուսումնասիրումն սկսելուց հետո NASA-ն հայտարարել էր եւս մեկ ռովեր ստեղծելու մտադրության մասին, որը պետք է կարմիր մոլորակ ուղարկվի 2020 թվականին: Գործակալության ներկայիս պլանների համաձայն, այն մոլորակի հասարակածի Յեզերո խառնարանում վայրէջք կիրականացնի 2021 թվականի փետրվարին:
Ինչպես սկզբնապես ընդգծել են NASA-ում, այս մարսագնացն իր ներքին կառուցվածքով լինելու է Curiosity-ի ժառանգորդը, բայց դրա հետ մեկտեղ հանդերձված կլինի այլ գործիքակազմով: Այդ գործիքների գլխավոր նպատակը լինելու է ոչ թե ջրի հետքերի որոնումը, այլ կյանքի համար Մարսի պիտանելիության ստուգումն անցյալում եւ այսօր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: