Գավառ քաղաքի պատվիրակությունը մասնակցեց Նովոռոսիյսկ քաղաքի հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներին
Վերջերս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում մեծ շուքով նշվեց տեղի հայկական համայնքի «Լույս» կազմակերպության հիմնադրման 30 ամյակը: Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, Նովոռոսիյսկի հայկական համայնքի հրավերով տոնական միջոցառումներին մասնակցեց նաեւ Գավառ քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության մեջ ընդգրկված էին նաեւ Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների երգիչներ, անհատ կատարողներ, ովքեր հանդես են եկել տոնական միջոցառումների ընթացքում:
«Հայկական համայնքի «Լույս» կազմակերպության հիմնադրման 30 – ամյա հոբելյանի առթիվ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին տրվել է «Բարեկամության մեդալ, որը հանձնել է Կրասնոդար երկրամասի հայկական համայնքի ղեկավար, Գավառի պատվավոր քաղաքացի Յուրի Խաչատուրովը: Գուրգեն Մարտիրոսյանին հանձնվել է նաև խորհրդանշական հուշանվեր: Իր հերթին Գավառի քաղաքապետը պատվոգիր է հանձնել Նովոռոսիյսկում հայկական համայնքի ղեկավար Վլադիմիր Մխիթարյանին՝ «Լույս» կազմակերպության գործունեությունը լավագույնս իրականացնելու համար: Գուրգեն Մարտիրոսյանը հանդես է եկել նաև շնորհավորական խոսքով, շեշտելով, որ տեղի հայկական համայնքը մեծ ջանքեր է ներդնում մայրենի լեզուն ու հայկական արժեքները պահպանելու ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով Գավառ ու Նովոռոսիյսկ քաղաքների եղբայրացման ու համագործակցության հաստատմանը»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը: Հավելենք, որ Գավառ ու Նովոռոսյիսկ քաղաքների միջեւ եղբայրացման ու բարեկամության համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2010 թվականից:
Խոսրով Խլղաթյան