Բաժիններ՝

«Ձեր գրած էդ նախադասությունը ոչինչ չասող բան է». Արտակ Մանուկյանը՝ Հաշվեքննիչ պալատի ներկայացուցչին

2017-2018թթ. ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի կազմակերպած և անցկացրած մրցույթների ժամանակ հնարավոր էր տնտեսել 184 մլն 441.6 հազար դրամ: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչ Գեղամ Հովեյանը՝ ներկայացնելով ԾԻԳ-ի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հաշվետվությունը:

Ըստ նրա՝ մատակարարները բժշկական պարագաները ձեռք են բերել մի գնով, վաճառել միջինում 63% ավելի բարձր, օրինակ՝ հեմոդիալիզի պարագաների (15 հատ) համար «Վանաձորի» ԲԿ-ն վճարել է 171 մլն դրամ, մինչդեռ մատակարարը ներմուծել է մոտ 62 մլն դրամով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ հաշվի չեն առնվել մատակարարի տրանսակցիոն ծախսերը, շահույթը և այլ ծախսերը, արդյոք Համաշխարհային բանկի գնման ընթացակարգերը պահպանվե՞լ են, թե՞ գնումները հակասել են դրանց:

«Ձեր գրած էդ նախադասությունը ոչինչ չասող բան է»,- ասաց Մանուկյանը:

ՀՊ ներկայացուցիչն ընդունեց, որ իրենք ընդամենը գնային մեծ տարբերությունն են ներկայացնում, բայց թե ֆիրման ինչ ծախսեր է կատարել, իրենք չեն ուսումնասիրել. «Մենք չենք ասում՝ ՀԲ ընթացակարգերը խախտվել են, ուղղակի առանձին չափաբաժիններով կարելի էր վերանայել»:

Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ մատակարար ընկերությունն իրենց ներկայացրել է ծախսերը, մասնավորապես՝ շահույթը 20% է: Նա նշեց, որ այսօր իրենք կրկին պետք է հեմոդիալիզի պարագաներ ձեռք բերեն և դիմել են մասնագետների օգնությանը. «Մենք կրկին կանգնած ենք մի քանի հարցերի առաջ, փորձում ենք ստանալ մի քանի մասնագետների կարծիք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս