Բաժիններ՝

«Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Ստամբուլից Հայաստան ժամանած առևտրականներին մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում

Բագրատաշենի մաքսատանը կրկին խնդիր է առաջացել: Ստամբուլից Հայաստան վերադարձած առևտրականներն ահազանգում են՝ իրենց անօրինական կերպով մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում:

«Հերթական անգամ ապրանք ենք բերել, ուղեբեռը ստուգվել է, կշռել են, մաքսազերծել: Հիմա դուրս ենք եկել, ինչ-որ մի տղամարդ եկավ՝ առանց վկայական ցույց տալու, պարզապես ասաց՝ Ազգային անվտանգությունից եմ, մեքենան հետ քշեք: Ու քանի օր է՝ այստեղ ենք: Մեկ ուզում են ուղեբեռը դատարկեն, մեկ ուզում են՝ ստուգեն, մեկ ուզում են՝ կշռեն: Մենք չենք հասկանում իրենց պահանջները, մեզ էլ լսող չկա:

25 կիլոգրամից ավելին մաքսազերծված է, թղթերը կան: Անցակետը նորմալ անցել ենք, մեզ նորից հետ են ուղարկել, ավտոբուսը պլոմբել են, անգամ չէին թողնում, որ մեկ բաժակ ջուր վերցնեինք: Մի խոսքով, այստեղ շունը տիրոջը չի ճանաչում: Շաբաթ օրվանից մենք այստեղ ենք ու դեռ չգիտենք, թե ինչքան ենք մնալու: Մի ավտոբուս ժողովուրդ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը:

«Կռիվն իրենց մեջ է, մեզ էլ պատանդ են պահել, ոչ մի բացատրություն չեն տալիս: Մարդ կա՝ հոգեկան շեղում է արդեն մոտը սկսվել, պարանը փաթաթել վզին՝ նստել է: Քանի օր է՝ սոված ենք, այստեղ սուրճ ու հյութ ենք կարողանում միայն խմել: Մեծ մասը նաև կանայք ենք: Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք: Չենք հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Խնդիրն իրենց մեջ է, ինչ-որ կոռուպցիա է եղել, կաշառք են վերցրել, բայց մենք ենք տուժում: Ախր, մենք ի՞նչ կապ ունենք»,- հավելեց մյուս առևտրականը:

Փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է խնդիրը, բայց այս պահին դեռևս չի հաջողվել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս