
Վարդան Ղուկասյանի եղբորորդու և նրա խցակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել ՔԿՀ-ում

ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, ով ոմն Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են դանակահարել:
«Խցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել»,- նշեց Նավիկյանը:
Նրա խոսքով՝ այս պահին քննություն է ընթանում և փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։