«Սա միայն պոպուլիզմ չի, սա շատ ավելի վտանգավոր բան է». Աղասի Ենոքյան

«Կարծում եմ՝ սա ուղղակի պետականության դեմ ուղղված լրջագույն քայլ էր»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչ-նախաձեռնությանը՝ 168.amի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Խոսելով Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանի թվիթերյան գրառման մասին, թե՝ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն էր, որ Փաշինյանը, չկարողանալով երկիրը վերափոխել արագ ու կայուն կերպով, կրկին կվերադառնա պոպուլիզմին, որը նրան հասցրեց իշխանության։ Ահա և այդտեղ ենք», Ա. Ենոքյանն ասաց.

«Վերադարձ է դեպի պոպուլիզմ. ես չեմ կարծում, որ Փաշինյանը պոպուլիզմից երբևէ հետ է կանգնել, այսինքն՝ ինչո՞ւ է վերադարձ՝ իր քաղաքականության հիմնական բաղադրիչը միշտ էլ եղել է պոպուլիզմը։ Իհարկե, սա միայն պոպուլիզմ չի, սա շատ ավելի վտանգավոր բան է՝ ժողովրդավարության ամենահիմնական սկզբունքների դեմ ուղղված քայլ»:

Դատական ռեֆորմների մասին Փաշինյանի ելույթում հնչեցրած կետերը որքանո՞վ են իրատեսական՝ մեր հարցին ի պատասխան՝ քաղաքագետը նկատեց.

«Անհասկանալի է. ի՞նչ ռեֆորմներ պետք է լինեն, այսինքն՝ մենք ունենք Սահմանադրություն, Սահմանադրությունը, ըստ էության, սահմանում է դատական իշխանությունների լիազորությունները, դատական իշխանությունների կառուցվածքը, իսկ ի՞նչ ռեֆորմներ են պետք։ Այսինքն՝ Սահմանադրությո՞ւնն են ուզում փոխել։ Եթե Սահմանադրությունն են ուզում փոխել, էդտեղ կա ավելի հիմնական խնդիր՝ սուպերվարչապետական համակարգից դուրս գալը, իսկ էդ խնդիրը կարծես թե չենք լուծում։ Հակառակը՝ խնդիր ենք լուծում՝ ավելի են ուժեղացնում սուպերվարչապետական համակարգը»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս