ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը քաղաքապետի հետ ընկերության և «Կարգին սկեչում» նկարահանվելու մասին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին, գրել էր, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»:

«Հակառակը՝ կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։ Մենք արժանի ենք ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ»,- նշել էր ԲԴԽ անդամը։

Չնայած բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ վարչապետի կոչն ակնհայտորեն միջամտություն է դատական համակարգի գործունեությանը, այդուհանդերձ շատերին չի զարմացրել Հայկ Հովհաննիսյանի գրառումը, քանի որ լուրեր են շրջանառվում, որ նա քաղաքապետ Հայկ Մարությանի սանիկն է, և բնական է, որ այդկերպ պետք է արձագանքեր վարչապետի կոչին։

168.am-ի հետ զրույցում Հայկ Հովհաննիսյանը հերքեց, որ քաղաքապետի սանիկն է։
«Ես Հայկ Մարությանի սանիկը չեմ, նա իմ մանկության ընկերն է, իմ մանկության ընկերներից են նաև մեր քաղաքի շատ տղաներ»,- ասաց ԲԴԽ անդամը։

Ճշտող հարցին՝ քաղաքապետի հետ այսօ՞ր էլ է շարունակվում իրենց ընկերությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքապետ ընտրվելուց հետո նրան հազվադեպ եմ տեսնում, այդ պատճառով շատ դժգոհ եմ, որ նա դարձավ քաղաքապետ, քանի որ մեր ընկերությունը դրանից տուժեց. չենք կարողանում միմյանց հաճախ տեսնել և ժամանակ անցկացնել։ Բայց եթե նույնիսկ իմ ընկերներից շատերին տարիներով էլ չտեսնեմ, միևնույն է՝ նրանք մնում են ինձ հարազատ ընկեր՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից»։

Ի դեպ, նշենք, որ Հ. Հովհաննիսյանը նկարահանվել է նաև «Կարգին սկեչում», որտեղ նկարահանվել են ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը և Մկոն՝ Մկրտիչ Արզումանյանը։

«Այո, «Կարգին սկեչում» նկարահանվել եմ երևի 2002 թվականին, իրավաբանները ստեղծագործ մարդիկ են, եթե չգիտեք՝ ասեմ, որ կիթառ էլ եմ նվագում»,- ասաց նա։

Հարցին՝ Հայկ Մարությանի՞ց է ստացել «Կարգին սկեչում» նկարահանվելու առաջարկը, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ: «Դատական նիստի էի, վերադարձա մեր գրասենյակ, տեսա, որ իրենք արդեն նկարահանում են անում, այն դերը, որում ես խաղացի, պետք է Մկոն խաղար, բայց նրա կոստյումները հարմար չէին դերի համար։ Ռեժիսորը, եթե չեմ սխալվում, Դավիթ Բաբախանյանն էր այն ժամանակ, նայեց ինձ, փողկապով ու կոստյումով էի, հարցրեց, թե չե՞մ ուզում այդ դերը կատարել, պատասխանեցի՝ սիրով»,- շեշտեց Հայկ Հովհաննիսյանը։

Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ևս նրան տեսնենք նման սերիալներում, Հայկ Հովհաննիսյանը պատասխանեց՝ հատուկ նպատակ չի դրել, բայց կյանք է, ամեն ինչ հնարավոր է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս