
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ:
Հայաստանը պատրաստակամ է խորացնել և ընդլայնել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու հրավերս: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր երազանքի Ուկրաինան կերտելու գործում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: