Բաժիններ՝

Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել է կրակի դադարեցումը Դոնբասում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարել է իր առաջին առաջադրանքը պետության ղեկավարի պաշտոնում։

«Մեր առաջին առաջադրանքը կրակի դադարեցումն է Դոնբասում»,-հայտարարել է նա մայիսի 20-ին Գերագույն ռադայի նիստում պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում: Նախագահն ընդգծել է, որ պատրաստ է ժողովրդականություն չվայելող որոշումների գնալ պատերազմը դադարեցնելու համար: «Եթե հարկավոր լինի, ես պատրաստ եմ կորցնել պաշտոնս հանուն այն բանի, որ խաղաղություն հաստատվի»,-ասել է նա:

Դրա հետ մեկտեղ Զելենսկին հայտարարել է «կորցրած տարածքների» վերադարձման անհրաժեշտության մասին:

«Ե՛վ Ղրիմը, ե՛ւ Դոնբասը ուկրաինական հող է, որտեղ մենք կորցրեցինք ոչ միայն տարածքը, այլեւ գլխավորը՝ մարդկանց»,-հավելել է նա: Նա ռուսերենով դիմել է Դոնբասի եւ Ղրիմի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանք «օտարներ չեն Ուկրաինայի համար»: Նախագահը նաեւ նշել է, որ պատրաստ է երկխոսություն վարել Դոնբասում հրադադարի շուրջ, ընդսմին պնդելով գերիների վերադարձը: «Ես պատրաստ եմ երկխոսության, բայց վստահ եմ, որ երկխոսության համար առաջին քայլը կդառնա ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը»,-ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս