«Օրակարգում այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող խնդիր է». Նիկոլ Փաշինյան
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդարանի, գործադիր, իրավապահ և այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ օրակարգում այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող խնդիր է։
Ըստ նրա՝ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններից հետո երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ կառավարություն և Ազգային ժողով։ Սակայն, ըստ նրա, վերջին 1 տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ ՀՀ-ում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն և դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում հանրության շրջանում։
«Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին։ Այս մասին դատողություններ անելը իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել և նույն գնահատականին արժանացնել։ Անկախ ամեն ինչից, ակնհայտ է սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար և սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի՝ Հայաստանի իշխանության բարձրագույն կրողի անունից։
Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքը իր ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, ԱԺ միջազգանորեն ազատ, արդար և թափանցիկ ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներովձևավորել է կառավարություն՝ գործադիր իշխանություն, բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ։ Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է, բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է, որ չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,- ասաց Ն.Փաշինյանը։
Հիշեցնելով, որ վարչապետ ընտրվելու առաջին օրից պարտավորվել է որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, Ն.Փաշինյանը նշեց, որ այդ պարտավորությունը պահպանել է սրբորեն, բայց մյուս կողմից չի կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով։ Նա բերեց մի օրինակ.
«Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն անել հենց նույն Մարտի 1-ի գործով այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարագի միջոցով։ Եվ դա հիմա արդեն երևում է ՄԻԵԴ կայացրած որոշումներով, որոնք վերաբերում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչների և այլ խնդիրներին։ Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցություն է ունենում նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա»։