Փաստաբան Հրանտ Անանյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ այսօր մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքն աշխատավայր։

Այդ կապակցությամբ փաստաբան Հրանտ Անանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Հաղորդման տեքստի մեջ մասնավորապես գրված է.

«Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրի մոտ նույն դատարանի դատավոր, դատական իշխանության ներկայացուցիչ Դավիթ Բալայանին խոչընդոտում մուտք գործել դատարանի շենք ու կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի կապակցությամբ ակնհայտ ու հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որի արդյունքում նա ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին։

ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝

3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով»։

Նկատի ունենալով, որ նշված տեսանյութը պարունակում է ակնհայտ հանցագործության հատկանիշներ ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն վերոնշյալ հոդվածներով, ուստի խնդրում եմ հարուցել քրեական գործ, միջոցներ ձեռնարկել և մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»։

Տեսանյութեր

Լրահոս