«Պետք է հարցերն ուղղվեն Կառավարությանը, թե ինչու ոչինչ չի արվել, որ այսօր մարդիկ գնում են նման քայլերի՝ փակում դատարանների մուտքերը»». Դանիել Իոաննիսյան

«Մի կողմ թողնելով մեթոդի գնահատումը, թե որքանով է նորմալ դատարանների ելք ու մուտքեր փակելը, ուրախ եմ, որ, ի վերջո, լայն քննարկման առարկա է դառնում դատաիրավական բարեփոխումների հարցը»,- այսօր Սահմանադրական դատարանի մուտքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ որոշ ընդդիմախոսներ բողոքի ակցիան փորձում են մեկնաբանել որպես ճնշում դատարանի վրա, նա նույնիսկ ծիծխաղեց այն բնորոշման վրա, թե այս ամենը Սահմանադրական կարգի տապալում է։

«Դատարանի վրա ճնշում, ենթադրում է կոնկրետ գործով ճնշում, այսինքն` եթե այստեղ հավաքված մարդիկ դատարանի դուռը փակեին և ասեին, թե դուռը չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չկայացնի այսինչ որոշումը, դա կլիներ ճնշում դատարանի վրա։ Բայց հավաքված մարդիկ կոնկրետ գործի հետ կապված որևէ պահանջ չունեն, նրանց պահանջն առհասարակ դատական համակարգի հետ է կապված»,-ասաց Դ. Իոաննիսյանը։

Ըստ նրա, այս խնդրի լուծումը հիմնականում դրված է խորհրդարանի վրա թե′ անցումային արդարադատության սահմաններում, օրինակ՝ դատավորների վեթինգով, թե′ առհասարակ դատաիրավական բարեփոխումներով ի վերջո պետք  է Հայաստանում հիմնադրվի արդարադատության նորմալ համակարգ։

«Սա ամենադժվար ռեֆորմն է, որովհետև եթե դատենք ժողովրդավարացման ուղի անցած այլ երկրների փորձ, չգիտեմ՝ Ուկրաինա, Վրաստա, ամենադժվար ռեֆորմը հենց դատաիրավականն է։ Կարծում եմ՝ Հայաստանում կան նախադրյալներ, որպեսզի այս գործում հաջողությունների հասնենք։ Խնդիրը չեմ ընկալում այնպես, որ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, ավելին՝ գոնե լայն հանրության կողմից չեմ ընկալում պահանջը, որ կոնկրետ իքս դատավորները հրաժարական տան, խնդիրը մեխանիզմների մեջ է»,- ընդգծեց նա։

Նրա դիտարկմամբ, մեկ տարին բավարար չէ դատական ռեֆորմ իրականացնելու համար, բայց բավարար է այդ ֆորմի ուղղությամբ ինչ-որ շոշափելի գործողությւոններ անելու համար։

Այստեղ պետք է հարցերն ուղղվեն Կառավարությանը, Արդարադատության նախարարությանը, թե ինչու ոչինչ չի արվել, որ այսօր մարդիկ գնում են նման քայլերի՝ փակում դատարանների մուտքերը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս