Փաշինյանը կառավարության շենքից է հետևելու դատարանների մուտքերի շրջափակման գործողություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր հայտնի գրառմանը՝ հանրապետության բոլոր դատարանների մուտքերը վաղն առավոտից փակելու վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դիտարկելով իր գրառման արձագանքներից, վստահ է, որ ժողովուրդը դուխով է, հպարտ, հաղթական և գիտի, որ իր՝ ժողովրդի հաղթանակը այլընտրանք չունի և որևէ ուժ չի կարող կանգնել նրա հաղթանակի դեմ։
«Ճիշտն ասած, հիմա եթեր եմ մտել և պետք է խոսեմ մի թեմայից և գիտեմ, որ շատերին կարող է անպատեհ թվալ։ Գիտեմ, որ դրա հետ մեկտեղ վրդովված եք, զայրացած, բայց, այդուամենայնիվ, ուզում եմ մեկ շատ կարևոր բան ընդգծել։ Չնայած այս վերջին օրերին շատ քննադատեցին սերը, թավիշը, կամ սիրո և թավշյա հեղափոխության հետ կապված բառապաշարը, բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ այն, ինչ մենք անում ենք, դրանով չենք փոխում մեր գործունեության տրամաբանական գործիքակազմը։ Մենք շենքերի մուտքերն արգելափակում ենք, որպես ակցիա, որի հետ կապված մանրամասներին ես վաղը կանդրադառնամ։ Ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդավարական թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ։ Այս գործողություններում որևէ սադրանքի տրվելը, բռնի գործողություններն, իհարկե, պետք է բացառվի։ Վաղը ոստիկանությունը պարտավոր է և իմ հրամանն է, որպեսզի ապահովի խաղաղ քաղաքացիական ակցիայի ապահովությունը։ Կարծում եմ՝ մեր կողմից առաջարկված ակցիայի մասնակիցներն իրենք ևս պետք է այս հրամայականն աչքի առաջ ունենան, որ ոչ մի սադրանքի չտրվեն, բռնություն չպետք է լինի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ տեսնում է մարդկանց, որոնք կարծում են, թե բռնությամբ կարող են հարցեր լուծել, նույնիսկ կան դատարաններ, որոնք աջակցում են նրանց, որպեսզի վերջիններս մտածեն, թե կարող են բռնությամբ հարցեր լուծել։
Նա հիշեցրել է, որ արդեն ապացուցել են, որ բռնությունը բացառող քաղաքական պայքարն իրենց համար ունի սկզբունքային նշանակություն, որն իրենց հաղթանակի կարևորագույն գրավականն է։
Ըստ նրա՝ պահպանելու են թավշյա, ոչ բռնի հեղափոխության տրամաբանությունը։ «Մեր ակցիաների ընթացքում պետք է լինենք կատարյալ քաղաքավարի միմյանց և ուրիշների նկատմամբ, նաև նրանց, ովքեր դժգոհ են մեր ակցիաներից։ Մենք չենք զլանա ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց կարծիքով՝ նրանց անհարմարություններ ենք պատճառում։ Բայց մեզ ոչինչ հետ չի պահի մեր նպատակներից՝ Հայաստանը իրավական և ժողովրդավարական երկիր դարձնելու ճանապարհից։ Ինքս պարտավորված եմ զգում յուրաքանչյուրիդ նկատմամբ, որ այդ ճանապարհով մինչև վերջ գնալու եմ և ոչնչի առաջ կանգ չեմ առնի։ Քանի դեռ ժողովուրդը վստահում ու լիազորում է ինձ ծառայություններ մատուցել, ես դրանք մատուցելու եմ ամբողջ ծավալով, միայն մի խնդրանք՝ չտրվել սադրանքների»,-հայտարարել է նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ վաղը 08։30-ից արգելափակվելու են հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը, այսինքն՝ որևէ մեկը մուտք ու ելք չի ունենալու։ Իսկ 12։00-ին կփորձի պատասխանել բոլորին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կհայտարարի իրենց հետագա անելիքների մասին։
«Վաղվա ելույթը տեղի է ունենալու Կառավարությունում, ես հրավիրել եմ մի շարք պաշտոնյաների քննարկելու ինչպես ընթացիկ վիճակը, այնպես էլ մեր հետագա անելիքները։ Այնպես որ, դուխով, չկասկածեք և երբևէ թող մտքներովդ չանցնի, թե այսքան ժամանակ ինչ-որ բանում երկմտել եմ կամ երկնչում եմ։ Հաճախ ես սիրում եմ մինչև վերջ համոզվել, շանս տալ, որպեսզի ամեն ինչ անցնի առանց իմ միջամտությունների։ Բայց երբ տեսնում ենք, որ այդպես չէ պետք է գործենք ՀՀ սահմանադրության էությանը համապատասխան»,-ասել է նա՝ նշելով, որ պետք է գործեն նաև միջազգային իրավունքի տառին համապատասխան, քանի որ իրենց նպատակը անկախ դատական համակարգ ունենալն է՝ ինչին հավատում է։ Հիշեցրել է, որ հեղափոխության առաջին օրերին իր հնչեցրած խոսքերը՝ իրենց կառավարությանը խամաճիկ դատարաններ պետք չեն։