«Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ». Վահան Բաբայան
Այսօր տեղի ունեցավ «Ռեֆորմիստներ» կուսակցության համակիրների համաժողով, որի հիմքում ընդդիմադիր նոր հարթակի ձևավորումը, ճանապարհային քարտեզ մշակելն էր:
Լրագրողները կուսակցության նախագահ Վահան Բաբայանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք միանալու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած նոր ընդդիմադիր թևին, երբ ստեղծվի, նա պատասխանեց.
«Մենք այս պահի դրությամբ սկսելու ենք մեր ճանապարհային քարտեզի մշակումը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մեր կարծիքը հայտնել էինք դեռևս 2018թ., երբ որ առաջին անգամ իրեն ձերբակալեցին: Կարծում եմ, որ երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ: Այս իրավիճակը բոլորիս պատիվ չի բերում: Եթե Ռ.Քոչարյանի կենսագրությանը ծանոթ լինեին… վստահ եմ, որ այդ մարդը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, կրել իր պատասխանատվությունը: Եվ, թե ինչո՞ւ են իրեն կալանավորել, անհասկանալի է: Եկեք չշտապենք, մեր բոլորի գործը մեկն է՝ ստեղծել համերաշխ և կայուն Հայաստան: Ով ում կմիանա, ինչ քաղաքական իրավիճակ կստեղծվի՝ ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում մենք բաց ենք, պատրաստ ենք սատարելու այն մարդկանց, ովքեր մտահոգված են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համախմբումով»:
Անի Կարապետյան