Արմեն Թավադյանը հավատում է, որ դատարանն արդար վճիռ կկայացնի

Այսօր դատարանում քննվելու է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):

Նրան քննչական վարչություն էին կանչել վկայի կարգավիճակով, որից անմիջապես հետո հարուցել էին քրեական գործ։

Այսօր լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանը նշեց, որ հավատում է արդար դատարանին և համոզված է, որ դատարանը հօգուտ իրեն որոշում կկայացնի, քանի որ որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

Լրագրողների դիտարկմանը, որ կա տեսանյութ, որտեղ նա շշով հարվածում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին, Արմեն Թավադյանը նկատեց, եթե այդպես էին ցանկանում տեսնել, ապա տեսանյութը կարող էին և չդիտել։

«Եթե մանրակրկիտ ուսումնասիրեք, անհնար է ապացուցել, որ այդ դեպքի հետ կապ ունեմ։ Ես այնտեղ եղել եմ, Գասպարիին չեմ ճանաչում, չգիտեմ էլ՝ նա լա՞վ, թե՞ վատ մարդ է, բայց տվյալ պահին նա կոնկրետ սադրում էր։ Այդ պահին այնտեղ գտնվում էին մարդիկ, որոնք եկել էին սատարելու Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց Արմեն Թավադյանը։

Հաջորդ հարցին՝ արդարացնո՞ւմ է Գասպարիի նկատմամբ բռնությունը՝ անկախ այն հանգամանքից, ի՞նքն է դրա հեղինակը, թե՞ ոչ, Արմեն Թավադյանը պատասխանեց. «Ես ո՞վ եմ, որ արդարացնեմ, եթե բազմաթիվ մարդիկ կան այս երկրում, որոնք որոշել են, որ իրենք կարող են դատավոր կամ արդարացնող լինել, ես այդ շարքից չեմ։ Ես մարդ եմ, որն ապրում է իր համար՝ հարգելով օրենքներն ու իր կողքի մարդկանց, երբեք չեմ սադրում, եթե ինչ-որ բան էլ չի ստացվում՝ ներողություն եմ խնդրում»:

Անդրադառնալով այն հարցին, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանի բիզնեսների մի մասը պատկանում է հենց իրեն, օրինակ՝ «Նուռ» քարտը, «911» դեղատների ցանցը և այլն, Արմեն Թավադյանը նշեց՝ համոզվա՞ծ են, որ «Նուռ» քարտը Ռոբերտ Քոչարյանին է պատկանում։

««Նուռ» քարտի տերը ես եմ, Քոչարյանն ընդհանրապես կապ չի ունեցել»,- շեշտեց Ա. Թավադյանը։

Նա հորդորեց լրագրողին հարցն ուղղել համապատասխան անձանց, ովքեր անընդհատ հայտարարել են Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին: «Այդքան ուղղորդված պետք չի լինել: Իրավիճակը կարող է փոխվել, ու շատ անհարմար վիճակի մեջ կհայտնվեք: Ճշմարտությունը ներկայացրեք: Նույնիսկ հունից հանում եք: Ժամանակին ասե՞լ են, որ էս երկրում սաղ բիզնեսները Քոչարյանինն է: Դուք ասողներին հարցրե՞լ եք՝ ի՞նչ եղավ դա: Հարցրե՞լ եք… բա հարցրեք»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս