«Կոպեկի արժեք չունի դատավորը, որի վրա կարող են ազդեցություն թողնել նման գրառումները». Փաստաբանը՝ Հայկ Սարգսյանի գրառման մասին
Հայկ Սարգսյանի գրառումը չեմ գնահատի իրավական տեսանկյունից, այն ավելի շատ պետք է գնահատվի քաղաքական և բարոյական տեսակետից, քանի որ, ի վերջո, դատավորի հասցեին սպառնալիք չկա։ Նրա գրառումը վերաբերում է դատարանի մոտ հավաքվելուն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը։
Ըստ նրա՝ չպետք է դիտարկել, որ պատգամավորի այդ գրառումը ճնշման ձև է։
«Բարոյական, քաղաքական առումով ճիշտ կլինի, որ պատգամավորը նման հարցերում հիշի, որ ինքն ընդամենն օրենսդիր իշխանությունից է և չպետք է ներազդի դատական իշխանության վրա»,- ասաց փաստաբանը։
Հարցին՝ այս գրառումը կարո՞ղ է որևէ կերպ ազդել այսօր դատարանի կողմից հրապարակվելիք որոշման վրա, Տիգրան Աթանեսյանը նկատեց՝ կոպեկի արժեք չունի դատավորը, որի վրա կարող են ազդեցություն թողնել նման գրառումները։
«Դատական ակտը պետք է լինի հիմնավոր և կողմերի համար վստահելի, հետաքրքիր և պատճառաբանված, դա պետք է անի դատավորը, իսկ գրառումներ կարող են հազար հոգի անել, դատավորը խորհրդակցական սենյակում չպետք է ֆեյսբուքյան գրառումների հետևի»,- ընդգծեց փաստաբանը։
Հաջորդ հարցին՝ եթե պատգամավորը մարտի 1-ին 10 անձանց սպանությունները վերագրում է Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ ՀՔԾ-ն նման մեղադրանք չի առաջադրել նախկին նախագահին, արդյոք սրա հետ կապված իրավապահ մարմինները կարո՞ղ են Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել քրեական գործ, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց.
«Այստեղ ընդամենը կարող եմ ցավ արտահայտել, որովհետև ԱԺ-ում ունենք պատգամավոր, որն իրեն նման իրավաբանական անգրագիտություններ է թույլ տալիս, դա պատգամավորին հարիր չէ։ Չեմ կարծում, որ իրավական տեսանկյունից նրա վրա կարող են քրեական գործ հարուցել, եթե նման բան լինի, ապա բոլոր փաստաբաններիս վրա քրեական գործեր կհարուցեն։ Մարդ անհաջող ձևով կարծիք է արտահայտել, այստեղ որևէ կրիմինալ չեմ տեսնում»։
Զվարթ Խաչատրյան