
Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին. Ոստիկանությունը պարզաբանում է

Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:
Մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթևեկելի հատվածում նստած մի կնոջ։
Մոտեցել և փորձել են նրան երթևեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։
Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել:
Հանգամանքները պարզվում են: