«Նման հայտարարություն չեն անի, եթե չլինի վարչապետի հավանությունը. Սա դատարանի նկատմամբ ճնշում է». Հայկ Ալումյանը՝ Հայկ Սարգսյանի կոչի մասին
Այսօր ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և ժողովրդին կոչ արել հավաքվել դատարանի մոտ։ Նա մասնավորապես նշել էր, որ տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը.«Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրավված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդու ազատ արձակեն Ղարաբաղի 2 նածագահների երաշխավորությամբ և 20-30 անձանց կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիայի ճնշման տակ»,- նշել էր պատգամավորը։
Ավելի ուշ նա խմբագրում է իր գրառումը՝ ավելացնելով «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառումը:
Իսկ դրանից հետո արդեն նա հեռացնում է իր գրառումը՝ թողնելով միայն «Դեմ եմ Հանրապետականին» էջի կոչը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատգամավորի գրառմանը, նկատեց՝ Հայկ Սարգսյանը կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, քանի որ անգամ ՀՔԾ-ն 10 մարդկանց սպանությունը չի վերագրում նախկին նախագահին։
«Հայկ Սարգսյանը լինելով ԱԺ պատգամավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ հանդես է գալիս այսպիսի կոչերով, այսինքն՝ թույլ չտալ, որ Ռ. Քոչարյանին ազատ արձակեն։
Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում։ Եվ այսքանից հետո պետք է ասեն, թե Հայաստանում այլևս բացառվո՞ւմ է դատարանների նկատմամբ ճնշումները։ Այս թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա մեջ»,- ասաց փաստաբանը։
Նրա բնորոշմամբ, պատգամավորի գրառումն ուղղակի կոչ է՝ սահմանադրական կարգը տապալելու և զանգվածի միջոցով դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու համար։
Հայկ Ալումյանը կոչ արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կատարել իր վրա դրված Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը։
Հայկ Ալումյանը դիմեց նաև իրավապահ համակարգին, ԲԴԽ-ին, մասնավորապես գլխավոր դատախազին կոչ արեց իր հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ, փորձում է ճնշում գործադրել դատարանի նկատմամբ՝ իրենց ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով։
Իսկ ոստիկանությունն ու ոստիկանապետն էլ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի պատգամավորի նշած հավաքը տեղի չունենա, քանի որ դրա նպատակը ոչ թե խաղաղ հավաք անցկացնելն է, այլ ակնհայտ է, որ այն դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ ունի։
«Ես կոչ եմ անում, ոչ թե այնտեղ ապահովել որևէ մեկի անվտանգությունը, այս դեպքում կոչ եմ անում անել ամեն ինչ, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։ Կոչ եմ անում նաև ՀՀ վարչապետին, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի վարչապետի հավանությունը, ուստի հորդորում եմ կանխել այս զարգացումը»,- շեշտեց Հ. Ալումյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան