Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը
26-ամյա Street Art նկարիչ (Փողոցային արվեստ) Ռոբերտ Նիկողոսյանին ճանաչել կարելի է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտե դիմանկարներով:
Այսօր Մոնթե Մելքոնյանի՝ նրա կողմից գրաֆիտով պատրաստված դիմանկարը կարելի է տեսնել նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մշակույթի տան պատին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Նիկողոսյանն ասել է, որ գաղափարը ծագել է վաղուց, քանի որ Ավոյի դիմանկարին մինչ այդ տարբեր ձևերով արդեն իսկ անդրադարձել էր:
«Ցանկություն ունեի էլ ավելի մեծ չափի նկար ունենալ, և երեք տարի է, մտածում էի այդ ուղղությամբ: Տպավորված եմ նրա կենսագրությամբ և մարդ տեսակով: Նորշենում ծանոթացա «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ուսուցիչ Արա Հարությունյանի հետ: Նա ևս նույն մտահղացումը ուներ, և համագործակցությունը համատեղ ստացվեց: Աշխատանքը կատարվել է երեք հագեցած օրերի ընթացքում, և այսօր արդյունքը տեսանելի է»,- նշել է Ռ. Նիկողոսյանը:
Ի դեպ, երիտասարդ արվեստագետը մոտ 4-5 տարի է, ինչ զբաղվում է Street Art նկարչությամբ: Աշխատանքում հիմնականում օգտագործում է ջրային ներկեր, սփրեյ: Փողոցային արվեստը, սակայն, Ռոբերտի միակ նախասիրությունը չէ, դիմանկարները կերտում է նաև աղով, սուրճով, նաև քանդակներ է պատրաստում:
«Մարդկային դեմքերը խոսուն են: Կարևոր չէ, թե ձեռքիդ տակ ինչ առարկաներ կան՝ գրիչ ու թուղթ, մատիտներ կամ վրձին, երբ ասելիք ունես և ուզում ես, որ խոսքդ հասանելի դառնա: Բնությունը և մնացած թեմաները երկրորդ տեղում են ինձ համար, այդ իսկ պատճառով հիմնականում հետաքրքրված եմ դիմանկարներով»,- ավելացրել է Ռ. Նիկողոսյանը:
Մեր զրուցակիցը նշել է, որ ցանկություն ունի նման դիմանկարներ պատրաստելու հայրենիքի բոլոր անկյուններում:
Լուսանկարները՝ Ռոբերտ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջի