Կրկին սև կամ սպիտակ, կալանք կամ ազատություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում երեկ մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Արցախի ներկա և նախկին նախագահների դատարան ներկայացրած միջնորդությունը: «Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,- ասել է նա։ «Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար»,- նշել է վարչապետը։
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «168 Ժամի» հետ զրույցում ասել է, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցը չի կարող որպես ճնշում դիտվել դատարանի վրա.
«Դա նորմալ երևույթ է, մարդկայնորեն նորմալ է, ընկերներ են, ինչ-ինչ հարաբերություններ ունեն, մարդիկ եկել են, պարտավորվեցին, ստորագրեցին։ Այլ հարց է, որ դատարանի առջև դրված է որոշում կայացնելու լուրջ խնդիր։ Ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, ի՞նչ չափորոշիչներով պետք է ղեկավարվի։ Ի վերջո, մենք պետք է ընդունենք, որ սրա փորձը չունենք, էլ չասեմ՝ նախադեպը։ Ցավոք սրտի, մենք միշտ կալանավորման ուղղությամբ ենք հակված եղել, բացասական իմաստով, այժմ մի քիչ ակտիվացել է գրավի կիրառումը, իսկ երաշխավորության, այսպես կոչված, ինստիտուտը, կարելի է ասել, լավ կայացած չի։ Ենթադրենք՝ բավարարեց միջնորդությունը, հետո ի՞նչ է լինելու։
Քոչարյանն ունենալու է ՀՀ-ում ազատ տեղաշարժվելու իրավունք, քանի որ օրենքը թույլատրում է միայն մեկ խափանման միջոց։ Խոսքը փախուստի մասին չէ, նա ասաց, որ անգամ թուրքին մեջքով չի շրջվել, հիմա ինչո՞ւ պիտի խուսափի, բայց, կախված հանգամանքներից, ինչպե՞ս կլինի, և այդ պարագայում մեր երկրորդ հայկական պետության նախագահին կամ էքս նախագահին մենք կարո՞ղ ենք կանչել պատասխանատվության և, եթե անգամ կանչենք, արդյո՞ք դա ճիշտ մոտեցում կլինի»։ Անդրադառնալով դատարանի առջև ակցիաներին, արդյոք դրանք կարո՞ղ են ճնշում գործել դատավորի վրա, Պ.Օհանյանը չի բացառել դրա հնարավորությունը.
«Հնարավոր է, որ տեսականորեն դատավորը ճնշվի։ Բայց դատավորի գործն էլ դա է, որ դիմանա։ Պետք է ուսումնասիրել զարգացած երկրների փորձը և ըստ այդմ օրենսդրական կարգավորումներ տալ, թե արդյոք իրավունք կա՞ նման ակցիաների, թե՞ ոչ: Որքան ես գիտեմ՝ շատ երկրներում արգելվում են դատարանի շենքի մոտ նման հավաքները»։
Նրա խոսքով՝ կրկին սև ու սպիտակի պահն է, և, ցավոք, հասարակությունն էլ է բաժանվել սև-սպիտակի, և պետք է ընտրվի՝ սև կամ սպիտակ, կալանք կամ ազատություն։ «Ազատությունը՝ խափանման միջոցը փոխելը, նույնացվում է արդարացման հետ, իսկ կալանքի տակ պահելն էլ նույնացվում է մեզ մոտ մեղադրական դատավճռի հետ։ Այսինքն՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը դիտարկվում է չգործող։ Այս երկուսն էլ կարելի է հասկանալ»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: