Բաժիններ՝

Կին դատապարտյալներն իրենց ուժերը փորձեցին տարբեր սպորտաձևերում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համագործակցությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ կայացել է զանգվածային մարզական միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Ազատազրկված կանայք իրենց ուժերը չափեցին 7 մարզաձևում՝ 30մ վազք, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, դարթս, շաշկի և վոլեյբոլ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Միջոցառման կազմակերպիչները, նախքան միջոցառման մեկնարկը, հանդես եկան ողջույնի խոսքով՝ շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը դատապարտյալ կանանց վերասոցիալականացման և զբաղվածության ապահովման գործում:

Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և հուշանվերներով, իսկ վոլեյբոլի մրցաշարում կին դատապարտյալների «Լուսավոր» թիմը, հաղթելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների թիմին, գրավեց 1-ին տեղը և պարգևատրվեց գավաթով:

Միջոցառման ավարտին կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես ընդառաջել և օժանդակել անազատության մեջ գտնվող կանանց ոգեշնչող և նրանց զբաղվածությունն ապահովող նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը:

Իրենց երախտիքի խոսքն ասացին նաև կին դատապարտյալները՝ նշելով, որ այս միջոցառումների շարունակականությունը կօգնի իրենց մշտապես զգալ հասարակության և արտաքին աշխարհի անբաժան մասնիկ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս