Վայք-Սարավան ավտոճանապարհին Գերմանիայի քաղաքացին մոտոցիկլետով շրջվել է և վնասվածքներ ստացել
Մայիսի 17-ին՝ ժամը 16:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 152-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի մոտոցիկլետի վարորդը (Գերմանիայի Դաշնության քաղաքացի Մ.Ք., ծնված 1944 թ.) կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Մ.Ք.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: