Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է զիծառայողների մկրտության արարողություն
«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է շուրջ 60 ժամկետային զիծառայողների մկրտության արարողություն:
Մինչ արարողության սկսելը զինծառայողներն իրենց կնքահայրերի հետ, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Սասուն Մկրտչյանի հարազատները, ծնողներ, հյուրեր այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակին:
Մկրտության արարողությունը կատարվել է Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանի ձեռամբ:
Նրա խոսքով՝ մկրտությունը զինծառայողներին նոր ուժ ու ոգևորություն կհաղորդի, նրանք կմաքրվեն գործած մեղքերից, հայրենիքին իրենց պարտքը մատուցելուց հետո կվերադառնան տուն:
Մկրտության արարողությունից հետո Մայր տաճարի բակում զինծառայողներին դիմավորել են դպրոցականները՝ նրանց բաժանելով բացիկներ և հանդես գալով ազգագրական պարերով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդի նախագահ Ռոմելա Դադայնն ասել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ «Սատար կանգնենք» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ժամկետային զինծառայողների մկրտության արարողություն, որն էլ ոգևորել է իրենց կուսակցության անդամներին:
«Մեծ ոգևորություն եմ տեսնում թե´ զինվորների և թե´ կնքահայրերի աչքերում: Կարծում եմ՝ այս միջոցառումը կնպաստի, որ զինվորներն էլ ավելի մոտ լինեն Աստծուն ու եկեղեցուն, և պատասխանատու լինեն իրենց ամեն մի քայլի համար:
Այս կերպ մենք բարձրացնում ենք զինվորների ռազմահայրենասիրական դաստիարակության ոգին, ինչպես նաև նաև սերտացնում՝ բանակ-հասարակության կապի ամրապնդումը: Այնտեղ, որտեղ զինվորն է, թիկունքում հասարակությունն է»,-ավելացրել է Ռ. Դադայանը:
Նրա խոսքով՝ իրենց հրավերով Արցախում գտնվող ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի պապիկ Գևորգ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներ՝ Ալլա և Ատոմ Զոհրաբյանները, Սասուն Մկրտչյանի ծնողներ՝ Նարինե Կիրակոսյանը և Ֆահրադ Մկրտչյանը «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդի անդամների հետ երեկ այցելել են այն դիրքեր, որտեղ զոհվել են նրանց որդիները:
Գևորգ Աբաջյանը, ով մի խումբ զինծառայողների կնքահայրն է, խոսելով օրվա խորհրդի մասին, ասել է, որ ինքը հուզված է, բայց և ոգևորված, քանի որ խոսքը վերաբերվում է զինծառայողներին մոտ լինելուն:
«Առօրյա կյանքում կնքահոր դերում լինելն այլ զգացողություններ է առաջացնում, իսկ զինծառայողների դեպքում պատասխանատվությունս ավելի մեծացավ: Սահմանն ամուր պահող զինվորին կնքահայր լինելը մեզ համար պատիվ է»,-նշել է Գ. Աբաջյանը:
Զինվորների կնքահայր Ատոմ Զոհրբյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ ինքը համոզված է, որ մկրտությունը զինծառայողների հավատքն ավելի է զորացնելու:
«Նրանք լինելու են ավելի անվտագ ու անփորձանք, որն էլ յուրաքանչյուրիս ցանկությունն է: Մասնակցել եմ շատ մկրտությունների, բայց պիտի խոստովանեմ, որ այսօրվա միջոցառումն ինձ համար առանձնահատուկ էր և յուրօրինակ: Արցախի հողն անբացատրելի ուժ է հաղորդում մեզ բոլորիս, ինչն էլ հպարտանալու առիթ է»,- մասնավորապես ասել է Ա. Զոհրաբյանը:
Մկրտված զինծառայող Լիսանդր Հովսեփյանի խոսքով էլ՝ ինքը միշտ էլ կարևորել է մկրտության արարողությունը, որն էլ իրականություն դարձավ Արցախում. այն նոր ուժ հաղորդեց իրեն:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ կնքահայրը Ռոբերտ Աբաջյանի պապիկն է՝ Գևորգ Աբաջյանը: Ես այժմ ծառայում եմ այն զորամասում, որտեղ ծառայել է Ռոբերտը: Հիշում եմ Ռոբերտին. նա գալիս էր Երևանի «Մոնումենտ» սրճարան, ճիշտ է չենք շփվել, բայց գիտեինք իրար»,-ավելացրել է զինծառայողը:
Մկրտության արարողությանը մասնակից զինծառայողի մայր Լուսինե Սահակյանն իր շնորհակալությունն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին և նշել, որ յուրաքանչյուր ծնողի համար մեծ պատիվ և հպարտություն է, որ պարտադիր ծառայության մեջ գտնվող իր որդին մկրտվում է:
«Նրանք այսօր ստացան Աստծո օրհնությունը և մաքրվեցին մարդկային մեղքերից: Ամեն մի ծնող ցանկանում է, որ իր որդին ծառայի խաղաղ պայմաններում և տուն վերադառնա անհոգ և ուրախ»,- ավելացրել է Լ. Սահակյանը: