
Լայնամաշտաբ զորավարժություններ Արցախի ՊՆ-ում

Մայիսի 17-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որին հետևել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախքան զորավարժության մարտական հրաձգության փուլի մեկնարկը ծավալված ուսումնական կետերում միավորումների և զորամասերի հրամանատարների հետ անց են կացվել մի շարք ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում բանակի հրամանատարի անմիջական վերահսկողությամբ ներկա հրամկազմը ուսուցանվել է «Նռնականետային դասակի կիրառումը պաշտպանությունում», «Գումարտակի հրամանատարի կողմից կրակային խնդրի կատարումը այն դեպքում, երբ հրամանատարը չի դիտարկում նշանակետ» և մարտավարական զորավարժություններին առնչվող այլ թեմաներով:
Ծավալված ուսումնական կետերում համապատասխան աշխատանքների ավարտից անմիջապես հետո մեկնարկել է հրետանային ու տանկային միջոցներով ուժեղացված գումարտակի մարտավարական զորավարժության եզրափակիչ հատվածը: Չնայած զորախաղերի թեման պաշտպանողական էր, խաղարկվել են նաև հակահարձակողական ու գրոհային տարբեր մարտական իրավիճակներ:
Զորավարժությունների ժամանակ կիրառվել են անձնակազմի ղեկավարման ու մարտի վարման նոր մոտեցումներ: Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում, ինչպես հրետանային ու տանկային ստորաբաժանումները, այնպես էլ հետևակը կարողացել են ներդաշնակ գործողությունների շնորհիվ պատվով կատարել ուսումնամարտական առաջադրանքները և խոցել նախանշված թիրախները:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն