Բաժիններ՝

«Իմանալով, որ սեզոն է, 10 օրից ծիրանն ենք սկսելու հավաքել, հարվածել «Սպայկա» ընկերությանը՝ առնվազն դավաճանություն է». Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը կարծում է, որ «Սպայկա» ընկերության հետ կապված հարցերը կարող էին բարձրացնել աշնանը, ոչ թե այն սեզոնին, երբ երկրից պտուղ-բանջարեղեն է արտահանվում:

«Բայց իմանալով, որ սեզոն է, 10 օրից ծիրանն ենք  սկսելու հավաքել, հարվածել «Սպայկա» ընկերությանը՝ առնվազն դավաճանություն է: Միակ կազմակերպությունն էր, որ մեծաքանակ արտահանում էր իրականացնում: Խոսել եմ տնօրենի հետ, ասաց, որ  անպայման արտահանում կլինի: Այնպես որ, կփորձենք, որ հայ գյուղացին գումար ստանա: Ինչ որ հայտարարում էին, թե փոխարինող կգտնեն, ո՞ւր է այդ փոխարինող ընկերությունը: 20 օրում փոխարինո՞ղ եք գտնելու: Անում, հետո փոշմանում են իրենց արածից…»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը  մայիսի 3-ի երեկոյան 1 մլրդ գրավի դիմաց ազատ է արձակվել, կալանավորվել էր ապրիլի 8-ին։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին»,- հայտարարել էր Պետական եկամուտների կոմիտեն:

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել է ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս