«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը Երևանի քննչական վարչությունում է (ուղիղ)

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն իր փաստաբանի հետ այս պահին գտնվում է Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կապված դեպքի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Վ. Գասպարին դիմել էր ոստիկանություն և հաղորդում ներկայացրել, որ Արմեն Թավադյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ շշով հարվածել է իր գլխին։ Ա. Թավադյանը հայտարարել էր, որ նման բան չի եղել, այդ մասին նա ասել էր նաև ոստիկանությունում։

Քննչական վարչություն մտնելուց առաջ Արմեն Թավադյանը նշեց, որ պատկերացում չունի, թե ինչի՞ համար են իրեն կանչել։

168.am-ի հարցին, թե ի՞նչ կարգավիճակում է ներկայացել վարչություն, Ա. Թավադյանը նշեց՝ վկայի։

Նա ասաց, որ այս պահին իրեն շատ բաներ հայտնի չեն, ուստի քննչական վարչությունից դուրս գալուց հետո միայն կարող է մանրամասներ հայտնել։

Նրա փաստաբան Նարեկ Ալոյանն էլ հաստատեց, որ ծանուցագրում նշված է եղել, որ Արմեն Թավադյանը պետք է վկայի կարգավիճակով ներկայանա վարչություն.

«Եթե տվյալ գործով հրավերը կապված է դատական նիստերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, ապա հաշվի առնելով մամուլում առկա բոլոր հրապարակումները՝ մենք պետք է ակնկալենք, որ ծանուցագրում քրեաիրավական կարգավիճակը պետք է նշվեր կասկածյալ առնվազն։ Հուսով ենք, դրա հետ կապված չէ, և դրա բովանդակությունն իրականությանը համապատասխանում է։ Ամեն դեպքում հաշվի առնելով, որ խոսքը լրատվամիջոցի սեփականատիրոջ մասին է, ընդ որում՝ այն լրատվամիջոցի ղեկավարի, որն իր բացահայտ աջակցությունն է հայտարարել նախկին նահագահ Ռոբերտ Քոչաևյանի նկատմամբ։ Մենք մտահոգություններ ունենք, որ քրեադատաիրավական ընթացակարգերի կիրառմամբ կարող է փորձ կատարվել մամուլին լռեցնելու համար»,- նշեց փաստաբանը։

Մեր դիտարկմանը, որ բազմաթիվ մեղադրանքներ են հնչում, թե Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, սակայն ցուցաբերում է քաղաքական կողմնորոշում, Արմեն Թավադյանը նկատեց, որ ինքը հեռուստաընկերության սեփականատերն է, սակայն ստեղծագործական գործընթացներին չի խառնվում, ինչը ճիշտ է։

Ի դեպ, քննչական վարչության մոտ են նաև Արմեն Թավիդյանի աջակիցները։

 Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս