«Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը զուտ որպես փաստ է գնահատում Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի այցը դատարան և Ռոբերտ Քոչարյանի համար տրված երաշխիքը։

«Ընդհանրապես չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությունը»,- ասաց Ռուբինյանը՝ միաժամանակ համաձայնություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ, եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ։

Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ մամուլում պարբերաբար գրում են ինչ-որ լարվածության մասին, և վարչապետն այդ համատեքստում է անդրադարձել այդ թվացյալ վտանգին և ասել, որ նման վտանգ չկա ու չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է և երբեք թույլ չի տա, որ ինչ-որ լարում լինի։

Դիտարկմանը, որ Արցախի բարձր պաշտոնյաների կողմից են մեղադրանքներ հնչում ՀՀ իշխանությունների հասցեին, Ռ.Ռուբինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևէ բան պետք է անտեսել։ Եթե հնչում են անտրամաբանական հայտարարություններ ինչ-որ պաշտոնյաների կողմից, ես ցավում եմ այդ պաշտոնյաների համար, բայց միևնույն ժամանակ՝ ուզում եմ կրկնել, որ որևիցե պաշտոնյայի հայտարարություն, կարևոր չի, թե ինչ ռանգի պաշտոնյայի մասին ենք մենք խոսում, կամ ինչ հայտարարության մասին ենք խոսում, պարզապես չի կարող որևէ կերպ լարում մտցնել Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև, և Հայաստանի ու Արցախի ժողովուրդները պատրաստ են ցանկացած պահի լիկվիդացնել նման վտանգներ»։

Կարդացեք նաև

Օրերս Արցախում կայացած ՀՅԴ ռազմավարական ֆորումի ժամանակ առաջ քաշված Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի գաղափարի վերաբերյալ իշխող ուժը որոշ քննարկումներ անցկացրել է։ Ըստ Ռուբինյանի՝ դա թեմա է, որը պետք է քննարկվի, սակայն, եթե այս առումով նախաձեռնվի ինչ-որ բան, դա պետք է լինի ճիշտ ժամանակին, տեղին և ճիշտ համատեքստում։

Թե ինչո՞ւ ՀՅԴ-ն հիմա նախաձեռնեց դա, երբ 2016-ին համանման համաձայնագիրը չկայացավ, իսկ ՀՅԴ-ն իշխանության մաս էր այդ ժամանակ, Ռ.Ռուբինյանը նշեց, որ այդ հարցի մեջ տրամաբանություն կա, թե ինչու այն ժամանակ չեն արել, բայց ամեն դեպքում, իր կարծիքով, դա այժմ քննարկման համար կարևոր հարց չէ։

Տեսանյութեր

Լրահոս