Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս, այլ նախկին Լաչինի շրջանը և Քարվաճառից, մյուս հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ Արցախը պետք է դառնա որևէ երկրի հովանու ներքո մանդատային տարածք, այն դեպքում, որ հենց Սամվել Բաբայանի կողմից նշվող բոլոր օրինակները, մասնավորապես Պաղեստինի, որտեղ տեղի ունեցող բախումների մասին գրեթե ամեն օր հայտնում է միջազգային մամուլը և այլն, բացի կորուստներից որևէ աննշան հաջողություն չեն ունեցել:
«Ժամանակին, երբ Սամվել Բաբայանին Արկադի Ղուկասյանի կողմից ներում շնորհվեց, ու նա տեղափոխվեց Երևան և սկսեց մասնակցել քաղաքական գործընթացների, շատ ակտիվ խոսում էր 5+1+1 բանաձևի մասին և պնդում, որ բացի Լաչինից և Քարվաճառից, մնացած հինգ շրջանները վիճարկելի տարածքներ են: Այսօր նա կրկին հաստատում է այդ հրեշավոր թեզը՝ փորձելով ժողովրդի մեջ առաջացնել վախի և անվստահության մթնոլորտ սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Վ. Բալասանյանը:
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված վիճարկելի տարածքներ չկան և ամոթ է, երբ հաղթանակած բանակի հրամանատարը գիշեր ու զօր քարոզչություն է տանում թշնամու բանակի ամենազորության և մեր բանակի տկարության մասին:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան, և սրանք խոսքեր են մի մարդու, ով ուղղակի չի տիրապետում հայկական զինուժի հզոր արսենալին: Դրանում մենք համոզվեցինք նաև ապրիլյան պատերազմին նրա կողմից տրված թյուր գնահատականից: Ասեմ ավելին, եթե թշնամին վստահ եղավ, որ իր այդ երևակայական զենք-զինամթերքով, որի մասին այդքան վախեցած խոսում է Սամվել Բաբայանը, կարող է մեզ հաղթել, վաղուց դա արած կլիներ: Ոչ ոքի, առավել ևս Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածումը, թե իբր բանակցությունների ժամանակ Արցախի իշխանությունները խոսում են հողերը զիջելու մասին և այլն:
Նախ Արցախի իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի է՝ գոյություն չունի: Եվ այս թեման անընդհատ շահարկել ու արդարացնել սեփական զիջողական կեցվածքը, թե իբր ինքը ավելի քիչ է հանձնելու, որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծել է Բալասանյանը: