Կոտայքի մարզպետի եղբայրը ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի 40–ամյա տնօրենին. shamshyan.com
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ, 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի, և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ, 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիշա Լալազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ռ. Պետրոսյանը մի քանի հարվածներ է հասցրել Գ. Հովհանիսյանին, ով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:
Ըստ տեղեկությունների՝ հիմնականում՝ սալջարդ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանն աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում՝ որպես տնօերն, իսկ Ռ. Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է: Հետաքննիչի որոշմամբ Գ. Հովհաննիսյանին և Ռ. Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: