Բաժիններ՝

Թրամփը Նյու Յորքի ղեկավարին համարել է ԱՄՆ-ի ամենավատ քաղաքագլուխը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ղեկավար, դեմոկրատ Բիլ դե Բլազիոյին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում նախագահական մրցարշավին իր մասնակցելու մասին, համարել է երկրի ամենավատ քաղաքագլուխը եւ նշել, որ քաղաքի բնակիչները նրան ատում են։

«Ընտրություններում դեմոկրատների թեկնածուների խումբը կհամալրվի եւս մեկ գեղեցիկ տղամարդով: Բիլ դե Բլազիոն, որը համարվում է ԱՄՆ-ի ամենավատ քաղաքագլուխը, այսօր, հնարավոր է, հայտարարի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին: Նա ծաղրի առարկա է, բայց եթե դուք ցանկանում եք բարձր հարկեր եւ հանցավորության բարձր մակարդակ, ապա նա ձեր մարդն է: Նյու Յորքը նրան ատում է»,-գրել է ԱՄՆ-ի ղեկավարը իր պաշտոնական Twitter-օգտահաշվում:

Թրամփի խոսքով՝ քաղաքագլուխը դեռ նոր պետք է հայտարարի իր թեկնածության մասին, թեեւ Twitter-ում հաղորդագրության հայտնվելու պահին քաղաքական գործիչն արդեն պաշտոնապես միացել էր նախագահական մրցարշավին: «Ես՝ Բիլ դե Բլազիոս, եւս իմ թեկնածությունն եմ առաջադրում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, որովհետեւ եկել է աշխատող մարդկանց շահերն առաջին տեղում դնելու ժամանակը»,-հայտարարել է նա տեսահոլովակում, որը պատրաստվել է ընտրարշավի մեկնարկի կապակցությամբ:

Այս հոլովակում նա օրինակներ է բերում Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում իր հաջողություններից, որոնք վերաբերում են քաղաքացիների կյանքի եւ աշխատանքի պայմանների բարելավմանը: Նաեւ դե Բլազիոն քննադատում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը միգրացիայի եւ շրջակա միջավայրի ոլորտում: «Դոնալդ Թրամփին հարկավոր է կանգնեցնել»,-կարծում է Նյու Յորքի քաղաքագլուխը: Դե Բլազիոն, այսպիսով, դարձել է Դեմոկրատական կուսակցության՝ թվով 24-րդ անդամը, որը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս