«Ինչ ուզեմ, ասելու եմ, և դու նստած լսելու ես». Քոչարյանը՝ գլխավոր դատախազին
Այսօր դատարանում ՀՀ գլխավոր դատախազն ընդհատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը և դիմելով դատարանին՝ պահանջեց, որպեսզի բոլորն իրենց արտահայտություններում ցուցաբերեն կոռեկտություն։
Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին՝ գլխավոր դատախազից պահանջեց իրեն չընդհատել։ Նա Արթուր Դավթյանին հորդորեց նորից դիմել դատարանին, թույլտվություն ստանալ, նոր շարունակել:
Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ դատարանը թույլ է տալիս, որպեսզի Դատախազությունը ցանկացած պահի ընդհատի իրենց ելույթները, ինչը նորմալ չէ։
«Ես ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի խոսքն ընդհատել կամ վեր կենալ ու բռի ձևով միջամտել»,- նշեց փաստաբանը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը Հայկ Ալումյանին հորդորեց չափի մեջ մնալ։
Ի պատասխան՝ Ալումյանն ասաց, որ իր խոսքում որևէ նման արտահայտություն չի հնչեցրել:
Այնուհետև գլխավոր դատախազը շարունակելով իր հայտարարությունը՝ ևս մեկ անգամ հորդորեց կոռեկտ լինել իրենց հայտարություններում։
«Հիմա ես բռնեմ ու կեսից գլխավոր դատախազի հայտարարությանը միջամտե՞մ։ Եթե ես իրավունք չունեմ, ապա նա էլ չունի, դատավարությունը վարեք այնպես, ինչպես կարգն է, որպեսզի մենք ստիպված չլինենք այդ կարգը վերականգնելու, հա՞»,- դիմելով դատավորին՝ նշեց Հայկ Ալումյանը։
«Հա ու ջան, Դուք նոր ինչ-որ բան էինք ասում, դե նստեք»,- Ալումյանին պատասխանեց դատավորը։
Այդ պատասխանը զարմացրեց Հայկ Ալումյանին. «Էս արդեն ժողովրդականի անցա՞ք»:
Այնուհետև կրկին միջնորդեց գլխավոր դատախազը և դիմելով Ռոբերտ Քոչարյանին՝ ասաց, որ բացարձակ կարիք չկա Դատախազությանը ցույց տալու, թե ելքեր պետք է գտնել, և այլն։
«Կոչ եմ անում բոլորին՝ մաքուր իրավական դաշտում՝ առանց հուզական արտահայտությունների»,- նշեց Ա. Դավթյանը։
Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Դատախազության ներկայացրած մեղադրանքն ընդհանրապես իրավական դաշտի հետ կապ չունի։
«Ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, և նստած լսելու ես»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Զվարթ Խաչատրյան