«Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան Ռոբերտ Քոչարյանի դատին, եթե համաձայնություն չլիներ այսօրվա ՀՀ ղեկավարի հետ…». Քաղտեխնոլոգ
Ինչպես հայտնի է՝ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ ներկայացել են դատարան:
Նախքան նրանց ժամանումը՝ այսօր հրավիրված ասուլիսում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը թեմայի առնչությամբ ասաց.
«Չեմ հավատում, որ երկու նախագահները կգային Հայաստան, դատական պրոցեսին, եթե խոսակցություններ, համաձայնություններ չլինեին այսօրվա ՀՀ ղեկավարի հետ, թե հիմա դա ինչի կբերի՝ մենք մոտ ժամանակներս կտեսնենք»։
Հակոբյանը չբացառեց խնդրի մասով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
«Բակո Սահակյանը ժամանում է Երևան, մոտ ժամանակներս վարչապետ Փաշինյանն էլ է վերադառնալու Չինաստանից, չեմ կասկածում, որ հանդիպում է լինելու, և այդ հանդիպման ժամանակ խաղի ինչ-որ կանոններ կճշտվեն»,- ասաց նա։
Խոսելով ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումների մասին՝ քաղտեխնոլոգն արձանագրեց.
«Իրավիճակը, իրոք, բարդ է նույն Փաշինյանի համար, բավականին երկար ժամանակ սրվել է և գերուռճացվել էր, և փոքր-ինչ նահանջը պահանջում է որոշակի գործիքակազմ երեսը պահպանելու համար»։
Ըստ նրա՝ սույն հարցով պահանջներ ու ճնշումներ կան նաև ՌԴ-ից. «Անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից նման մեսիջներ են լինում՝ կամ անուղղակի, կամ ուղղակի ձևով, բայց այնուամենայնիվ, այդ լուծումը չի գտնվում։ Երբ մենք գիտենք, որ կա ակնհայտորեն ճնշում, նախապայմաններ դրսից, և կա Հայաստանի մյուս հատվածից՝ Արցախից նախաձեռնություն, այս պայմաններում գուցե պրագմատիկ հաշվարկը կարող է բերել մի լուծման։ Այդ հաշվարկը կարող է ցույց տալ, որ գուցե մարդասիրական ուղերձի շրջանակում ինչ-որ քայլ արվի, այլ ոչ թե՝ դրսից պարտադրանքի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան