«Այս ամենն աբսուրդի է նմանվում». Քոչարյանը՝ Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի մասին
«Իր ցուցմունքներում ասում է, որ կաշառք չի տվել, ուղղակի նվիրատվություն է արել, մի անգամ ասում է՝ նախագահականի աշխատակազմին, մի անգամ՝ նախագահին։ Մի բան ավելացնեմ՝ կաշառքը տալիս են ինչ-որ բանի համար, այն ժամանակ ես նախագահ էի ու պետության գլուխն էի և այն ժամանակ գործադիր մարմնի հետ որևէ առնչություն չունեի։ Հիմա նա ասում է, որ այդ գումարը տվել է, որ իրեն չխանգարեն, թե ինչից է եզրակացության եկել, որ իրեն չխանգարեն, որևէ փաստ չկա, որ մինչև այդ իրեն խանգարել են»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատական նիստի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սիլվա Համբարձումյանի ցուցմունքին, որ 2008 թվականին երկրորդ նախագահին առանձնապես խոշոր չափի կաշառք է տվել։
Ըստ Ռ. Քոչարյանի, Սիլվա Համբարձումյանն ասել է, որ ունեցել է մի ընկերություն, որը պետք է վաճառեր մեկ այլ ընկերության, ուստի օրենսդրությամբ սահմանված չի եղել, որ այդ վաճառքին որևէ մեկը պետք է խոչընդոտեր։ Ուստի անհասկանալի է, թե նախագահը որտեղի՞ց պետք է իմանար, որ նա ընկերություն է վաճառում։
«Որտեղի՞ց նախագահը պետք է իմանա, թե ով ինչ ընկերություն է վաճառում։ Իմ տպավորությամբ՝ այս ամենն աբսուրդի է նմանվում։ Ինքս ինձ հարց եմ տալիս, թե այս ամենն ինչի՞ համար են անում, ի վերջո, պետք է գա դատարան, հանրությունն այս ամենի մասին իմանա։ Նպատակը մեկն է՝ կաշառքի պարագայում իմունիտետը չի գործում, այն, որ ասում են՝ «նավսյակի սլուչայ» մի բան անեն, հիմա դա է»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նաև հայտարարեց, որ հուլիս ամսից սկսած ապօրինի ձևով իր գույքի և հաշիվների վրա կալանք են դրել, ինչի իրավունքը չունեին։ Եվ, ըստ նրա՝ կալանքը հնարավորինս երկար պահելու համար հորինել են այս քրեական գործը։
«Մինչև այսօր իմ բոլոր հաշիվները և գույքը կալանքի տակ է»,- տեղեկացրեց նախկին նախագահը։
Զվարթ Խաչատրյան