«Հայոց լեզվում շատ լավ բառ կա. ն-ով սկսվում է, ն-ով ավարտվում։ Կամ ներողություն են խնդրում, կամ պահանջում եմ կիրառել սանկցիա». Արամ Օրբելյան
Դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։
Դատաքննության ժամանակ դատախազներից Բիշարյանը, անդրադառնալով պաշտպան Ալումյանի այն պնդմանը, թե սրան ավելի վաղ նախորդած դատական նիստերի ժամանակ դատարանները սահմանափակել են դատարան ներկայացված նյութերը հետազոտելու հնարավորությունը, հայտարարեց, որ երբևէ նման բան չի եղել։
Դատախազ Պետրոսյանին հավանաբար դուր չեկավ իր գործընկերոջ ելույթի ժամանակ պաշտպան Օրբելյանի ժպիտը, և նա տեղից նետեց՝ «Հիանում եմ ձեզնով, պարոն Օրբելյան»։
Վերջինս դատարանին խնդրեց կարգուկանոն ապահովել, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազ Պետրոսյանին՝ հեգնելու և ձեռք առնելու համար։
«Հայոց լեզվում շատ լավ բառ կա. ն-ով սկսվում է, ն-ով ավարտվում։ Կամ ներողություն են խնդրում, կամ պահանջում եմ կիրառել սանկցիա»,- ասաց Արամ Օրբելյանը։
Դատախազ Պետրոսյանը նկատեց, որ այս դատապրոցեսի տարբեր հատվածներում երկու կողմերը պահել են միմյանց նկատմամբ գործընկերային վերաբերմունքը։
«Իսկ բոլոր արձագանքները, որոնք հնչել են և ձեզ վիրավորել են, պայմանավորված են եղել նրանով, որ մեր ելույթի ժամանակ դուք շարժումներ ու ժեստեր եք անում, որոնք կոռեկտ չեն։ Եթե դա ձեզ վիրավորում է, խնդրում եմ, որ ամեն ինչ լինի փոխադարձ։ Եթե մենք այդպիսի շարժումներ, արտահայտություններ չենք անում, ակնկալում ենք, որ նույնը դուք կանեք»,- հակադարձեց դատախազ Պետրոսյանը։
Պաշտպան Օրբելյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատախազն ընդունել է, որ իրեն վիրավորել է, հետևաբար՝ նա կամ ներողություն է խնդրում, կամ նրա նկատմամբ սանկցիա է կիրառվում, կամ էլ ինքն առարկում է դատարանի գործողությունների դեմ, որ կարգուկանոն չի ապահովում։
«Եթե սխալ եմ ինձ պահում, իմ նկատմամբ նույնպես կիրառեք սանկցիա նախազգուշացում»,- ասաց Արամ Օրբելյանը։
Այս խոսքերից հետո դատախազ Բաղդասարյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց, որը դատարանը բավարարեց։
Մանրամասները՝ տեսանյութում։