«Կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասենք, որպեսզի ասածն ընկալեն». Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։
Դատարանում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Քոչարյանի կալանավորումը հիմքեր չունի, ինչպես նաև հիմքեր չունեն այն խոսակցությունները, որ լինելով ազատության մեջ՝ նա կարող է խոչընդոտել գործի նախաքննությանը։

«Նույնիսկ այս գործով քննիչն է արձանագրել, որ գործի քննության հետ կապված պարոն Քոչարյանի կողմից որևէ խոչընդոտում չի եղել։ Նա գործին չի խոչընդոտել, պարոն Քոչարյանի ստրատեգիան է՝ մինչև գործի ավարտ չխոչընդոտել գործին, դատավարությունից էլ հետո չի խոչընդոտի»,- ասաց փաստաբանը։

Նա նաև շեշտեց, որ ցանկացած կալանավորում, որը տեղի է ունենում ապագայի կանխատեսումների հիման վրա և հաշվի է առնվում միայն հնարավոր հանցագործության ծանրությունը, ապա ստացվում է, որ անձին կալանավորում են՝ որպես պատիժ։

Փաստաբանը նաև հիշեցրեց, որ, երբ Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել, իր պաշտպանյալն ինքնակամ գնացել է կալանավայր։

Փաստաբանի խոսքին միջամտեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մեկ ժամ սպասել է քննչին, թե երբ է թուղթը բերելու, որ իրեն տանեն կալանավայր։

Արամ Օրբելյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այն հիմքերը, որոնք ներկայացրել է Դատախազությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է հօգուտ մեղադրյալի, քանի որ անձի սոցիալական կապիտալը՝ նրա պատշաճ վարքագծի տարրն է։

Ուստի, այդ ամենը հաշվի առնելով՝ պետք է դատարանն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին։

Լսելով փաստաբանին, դատավորը հայտարարեց, որ այդ ամենն արդեն մի քանի անգամ լսել են։

Ռոբերտ Քոչարյանն էլ հակադարձեց, որ ստիպված են մի բանը մի քանի անգամ կրկնել, քանի որ «մի քանի դատարաններով են անցել» և տեսնում են, որ «կան մարդիկ, որոնց 15 անգամ պետք է ասենք, որպեսզի ասածն ընկալեն»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս