«Պնդում եմ՝ Քոչարյանն այս գործի շրջանակներում չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ». Փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։

Նշենք, որ նիստի մեկնարկից վայրկյաններ անց դատավորը ստիպված էր ընդմիջել նիտտը, քանի որ դահլիճում գտնվող լրագրողները բոյկոտեցին այն և պահանջեցին, որպեսզի ապահովեն աշխատանքային պատշաճ պայմաններ՝ դահլիճում հնչող ելույթների՝ լսելի լինելու առնչությամբ։

Ընդմիջումից հետո դատարանը որոշեց թույլ տալ լրագրողներին մտնել դահլիճ, քանի որ ընդհանուր դահլիճում այդպես էլ չկարողացան ապահովել ձայն հասանելիությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ խոսելով իր պաշտպանյալի անհիմն կալանավորման մասին, ասաց, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այս գործի հետ կապված իր մի շարք որոշումներով անդրադարձել է կալանավորման նիստերի ժամանակ քննարկվող հարցերի։

«Վերլուծելով այդ ամենը՝ կարելի է ասել, որ կալանքի հարցի քննության ժամանակ դատարանը պետք է անդրադառնա մի շարք հարցերի։ Առաջինը՝ տեխնիկական, բայց շատ կարևոր հարցեր են, համապատասխան քրեաիրավական հրապարակմամբ հարուցված քրեական գործի, մեղադրանք առաջադրելու որոշման առկայությունները։ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն այստեղ  բացակայում են։

Ընդ որում, այդ հանգամանքների բացակայությունը չի ենթադրում ապացույցների ամբողջական խորը հետազոտություն, սակայն առերևույթ պետք է փոխի որոշակի խումբ անձանց դեպքում անձեռնմխելիության հաղթահարումը։ Հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության շրջանակներում դիտարկում ենք երկու հարց։

Առաջինը, ինչպես Դատախազությունը նշեց, այսպես կոչված, առնչությունը, Վճռաբեկ դատարանը շարունակել է այդ առնչություն ձևակերպումը և ասել անձի ենթադրյալ արարքները»,- ասաց Արամ Օրբելյանը։

Նրա կարծիքով՝ նիստի ընթացքում պետք է տեղի ունենա նաև մեղադրանքի իրավաչափության քննությունը։ Ավելին՝ կալանավորման որոշումը պետք է հաստատվի փաստական, այդ թվում՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով։

Նա արձանագրեց, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս՝ դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պարտադիր հիմքերի առկայությանը։

«Երբ մենք վիճարկում ենք մեղադրանքի իրավաչափությունը և օրինականությունը, դա պարոն Քոչարյանի բացարձակ իրավունքն է, այն չի կարող կասկածի տակ դրվել։ Եթե դատարանն այդ իրավաչափության օրինականությունը չքննարկի՝ դատական պաշտպանությունը կդառնա ձևական։ Որպեսզի անձին ազատազրկենք շատ ցածր ստանդարտով, բայց մի քիչ ավելի բարձր, քան դատապարտելու համար, դատարանը պետք է ունենա համոզմունք, որ կան պայմաններ ու հիմքեր։

Կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, ես պնդում եմ, որ պարոն Քոչարյանն այս գործի շրջանակներում չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետևաբար՝ նրա նկատմամբ կալանքը չի կարող կիրառվել»,- շեշտեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր դատարան կներկայանան նաև Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս