Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին
Գերագույն ռադան որոշել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել է 315 խորհրդարանական:
«Այսպիսով պաշտոնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին»,-քվեարկությունից հետո հայտնել է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես ճանաչել է նախագահական ընտրությունների հաղթող: Ընտրությունների երկրորդ փուլում նրան պաշտպանել է ընտրողների 73,22 տոկոսը, նրա ընդդիմախոսին՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ 24,45 տոկոսը:
Ուկրաինայի օրենսդրության համաձայն, նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք է կայանա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից եւ «Գոլոս Ուկրաինի» թերթում դրանց հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի 3-ից ոչ ուշ: Ընդ որում՝ պաշտոնակալության արարողության ստույգ ամսաթիվը որոշում է խորհրդարանը՝ առանձին քվեարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: