
Կառավարությունն առաջարկում է ավելացնել պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

ՀՀ կառավարությունն առաջարկում է պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալի նկատմամբ հավելյալ սահմանափակումներ կիրառել:
Այս մասին կառավարության մայիսի 16-ի նիստում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելել հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալն ու ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի, տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապը: Դատապարտյալը պետք է յուրաքանչյուրից օգտվելիս մանրամասն հիմնավորի դրանք»,- ասաց Զեյնալյանը:
Փաթեթով նախատեսվում է նաև ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի առնել ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը, այլ նաև, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: