
«Իմ ամբողջ աշխատանքը լինելու է այն, որ աջակցություն ցուցաբերվի նոր նախագահի գործունեությանը». Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 16-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, հայտարարել է, որ իր աշխատանքը նպատակամղված է հանրապետությունում իշխանության խաղաղ անցումն ապահովելուն։ «Արտահերթ ընտրությունները, որոնց անցկացմանը մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ուղղված են երկրի կայուն զարգացման ուղու ապահովմանը:
«Նուր Օթան» կուսակցության արտահերթ համագումարում ես առաջարկեցի Քասըմ-Ժոմարտ Տոկաեւին ընտրել մեր երկրի նախագահ: Նրան համարում եմ առավել պատրաստված մարդը, որը կշարունակի սկսված գործը, կապահովի հաջորդայնությունը»,-ասել է Նազարբաեւը: Նա նշել է, որ իբրեւ ազգի առաջնորդ եւ երկրի Անվտանգության խորհրդի նախագահ շարունակելու է մասնակցել պետության զարգացման ռազմավարական ուղղություններով իրականացվող աշխատանքին, ներառյալ ներքին ու արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը:
«Դա առանձնապես կարեւոր է այն ժամանակաշրջանում, երբ գլոբալ տնտեսական զարգացման բոլոր գործընթացների սրընթաց տրանսֆորմացիա է դիտվում: Իմ ամբողջ աշխատանքը լինելու է այն, որ աջակցություն ցուցաբերվի նոր նախագահի գործունեությանը, ապահովվի իշխանության խաղաղ անցումը եւ շարունակվի այն աշխատանքը, որը մենք սկսել ենք»,-ընդգծել է Ղազախստանի առաջին նախագահը:
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ապրիլի 9-ին արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել հունիսի 9-ին:
Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրումն սկսվել է ապրիլի 10-ին եւ ավարտվել՝ ապրիլի 28-ին: Թեկնածուների գրանցման փուլը շարունակվել է մինչեւ մայիսի 11-ը: Այնուհետեւ սկսվել է նախընտրական քարոզչությունը, որը կավարտվի հունիսի 8-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը: