Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ
Մեկնարկել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ:
Ինչպես հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը, ԱԽ քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։
ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ` որպես համանախագահ երկրի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Հատուկ օգնական Հիլլն իր հերթին նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։
Կարևորվել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին ամերիկյան աջակցությունը։
Կողմերը ևս մեկ անգամ ընգծել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։