Լրագրողները բոյկոտեցին Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։

Դատական նիստն այսօր մեկնարկեց մի քանի րոպե ուշացումով, քանի որ նիստերի դահլիճում տեխնիկական խնդիրներ կան, և դահլիճում հնչող ելույթները լսելի չեն լրագրողներին, ուստի դատավորը կրկին նիստը 5 րոպեով ընդմիջեց՝ դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նորմալ պայմաններ ապահովելու համար։

Մի քանի րոպե անց դատավորը վերսկսեց դատական նիստը, սակայն լրագրողները կրկին դժգոհեցին ձայնից՝ պահանջելով իրենց աշխատանքի համար նորմալ ձայն ապահովել։

Ավելին՝ նրանք բոյկոտեցին դատական նիստը և դուրս եկան դահլիճից՝ նշելով, որ չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչև ներսում չապահովեն համապատասխան պայմանները։ Այս ամենից հետո դատարանում կրկին հայտարարվեց ընդմիջում։

Նշենք, որ այսօր դատարան կներկայանան նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս