
«ԱՄՆ-ի քաղաքացիներն Իրաքում ենթարկվում են բռնության և առևանգումների մեծ ռիսկի». ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը վտանգի ամենաբարձր՝ չորրրորդ մակարդակն է սահմանել Իրաքի համար եւ կոչ է անում իր քաղաքացիներին չուղեւորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առեւանգման եւ զինված հակամարտության պատճառով։
«ԱՄՆ-ի քաղաքացիներն Իրաքում ենթարկվում են բռնության եւ առեւանգումների մեծ ռիսկի: Իրաքում գործում են բազմաթիվ ահաբեկչական ու ապստամբական խմբեր, որոնք պարբերաբար հարձակումներ են կատարում ինչպես Իրաքի անվտանգության ուժերի, այնպես էլ քաղաքացիական բնակչության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Պետդեպարտամենտի կայքում:
Նշվում է, որ մայիսի 15-ին գերատեսչությունը կարգադրել է Իրաքից դուրս բերել ամերիկացի պետական այն ծառայողներին, որոնց աշխատանքը կապված չէ օպերատիվ ծառայությունների հետ, այդ թվում՝ Բաղդադի դեսպանությունից եւ Էրբիլի հյուպատոսությունից:
Այցագրային ծառայությունների տրամադրումը ժամանակավորապես կասեցվել է: Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ) Իրաքում եւ Սիրիայում բարձրացրել է տագնապի մակարդակը Իրանի կողմից զինծառայողների նկատմամբ հնարավոր սպառնալիքի կապակցությամբ, հաղորդել է ՌԻԱ «Ինտերֆաքս»-ը: