Բաժիններ՝

Թրամփի մասին Մայքլ Վուլֆի նոր գիրքը վաճառքի կհանվի հունիսի 4-ին. Axios

Լրագրող Մայքլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքո» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նվիրված է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը, վաճառքի կհանվի հունիսի 4-ին:

Այդ մասին հայտնել է Axios ինտերնետ-պորտալը: Գիրքը կդառնա «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» բեսթսելլերի շարունակությունը, որը 2018 թվականի հունվարին թողարկվել է Henry Holt and Co. հրատարակչության կողմից: Այն կպատմի Թրամփի նախագահության երկրորդ տարվա մասին:

Դրանում հատկապես շեշտադրված է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունը, որով զբաղվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: Ապրիլի 18-ին հրապարակված իր զեկույցում նա ընդունել է Թրամփի ընտրական շտաբի եւ Մոսկվայի միջեւ նախահամաձայնության բացակայությունը:

Ինչպես նշում է պորտալը, գիրքը գրելիս Վուլֆն օգտագործել է այն տեղեկատվությունը, որը նրան տրամադրել են 150-ից ավելի աղբյուրներ, այդ թվում՝ նախագահի վարչակազմի նախկին աշխատակիցները: Լրագրողը որոշել է հարցազրույցի վերաբերյալ խնդրանքով չդիմել Թրամփին, նշել է Axios-ը: Այն բանից հետո, երբ անցյալ տարվա հունվարին հրապարակվեց «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը, ԱՄՆ-ում սկանդալ բորբոքվեց:

Գիրքը բազմաթիվ տհաճ մեկնաբանություններ է բովանդակում նախագահի, նրա օգնականների եւ ընտանիքի անդամների վերաբերյալ: Թրամփը քանիցս հայտարարել Է, որ այն լի է ստով ու խեղաթյուրումներով: Այս պահի դրությամբ վաճառված է «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի ավելի քան 4 միլիոն օրինակ: Forbes հանդեսի տվյալներով՝ այն օգնել է Վուլֆին՝ անցյալ տարի վաստակելու ավելի քան 13 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս